Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացումների հետեւանքը. առեւտրի ծավալները նվազել են

Մայիս 30,2013 11:01

Թանկացումներն աստիճանաբար արեցին իրենց սեւ գործը։ Դրանք

եղան աստիճանաբար, երբեմն էլ աննկատ, բայց որ հիմա դրա հետեւանքները զգալիորեն ազդում են շարքային քաղաքացու գրպանին, արդեն անհերքելի փաստ է։ Հիմա հայ սպառողը խուսափում է խանութ մտնել, գնումներ կատարում է ծայրահեղ հաշվարկված, գնում է միայն ամենաանհրաժեշտ մթերքները։ Սա պատճառ է դառնում, որ խանութներում զգալիորեն նվազեն վաճառքի ծավալները։

Ասածիս վառ ապացույցն այն պատկերն է, որ մենք ունեցանք երեւանյան մի քանի մթերային խանութների աշխատակիցների հետ զրուցելիս։ Հարցված 6 խանութների աշխատակիցները մեր հետ զրույցում նշեցին, որ առեւտրի ծավալներն ակնհայտորեն նվազել են։

Թումանյան փողոցին հարող բարձրահարկ շենքերի հարեւանությամբ գտնվող խանութի մենեջեր Մարտին Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում իրենց խանութում գրանցվել է 30-40 տոկոս առեւտրի ծավալների նվազում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանում բնակչության նվազմամբ։ Նա նշեց, որ հիմա շարժը քիչ է եւ մարդիկ հիմնականում գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։ «Դե հաց են գնում, կաթնամթերք, իսկ մնացած ապրանքները, օրինակ՝ երշիկեղեն գնում են գրամներով, հա եւ փոքր օղիներն են լավ վաճառվում եւ իհարկե ծխախոտը»,- ասաց մենեջերը եւ նկատեց, որ նախկինում պարենային

ապրանքները արագ սպառվում էին, իսկ հիմա գրեթե՝ ոչ։

Պուշկին փողոցում գտնվող նկուղային խանութի վաճառողուհին, ով ինչպես ինքը նշեց, արդեն երկար տարիներ է ինչ աշխատում է այդ ոլորտում, ասաց,

որ եթե 2 ժամ կանգնենք խանութում, կտեսնենք, որ մեկ-երկու մարդ հազիվ մտնի խանութ։ «Առեւտրի ծավալները նվազել են մոտավորապես 40 տոկոսով, քանի որ հիմա մեր հին հաճախորդները գալիս մի քանի բան առնում են եւ հրաժեշտ են տալիս՝ ասելով, որ գնում են Հայաստանից»,- ասաց նա։ Նա նշեց, որ հիմա ինչքան էլ փորձում է խանութ մտնող մարդուն ժպիտով դիմավորել, միեւնույն է՝ չի կարողանում կոտրել դիմացինի մտահոգ եւ տխուր դեմքի արտահայտությունը։ «Ասում են տնտեսական աճ է գրանցվել, ինչ աճի մասին է խոսքը, եթե խանութում առեւտուրը նվազում է»,- մի փոքր հուզված եւ վրդովված ասաց վաճառողուհին։

Թումանյան փողոցում գտնվող փոքր խանութի վաճառողուհին, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, նշեց, որ իրենց խանութում առեւտրի ծավալները ամսվա կտրվածքով տատանվում են։ «Առեւտրի աշխուժացում նկատվում է ամսվա սկզբին, իսկ 15-ից հետո քչանում է, որովհետեւ մարդկանց աշխատավարձը եւ թոշակը 10-15 օր հազիվ է բավականացնում»,- ասաց նա եւ նշեց, որ իրենց խանութում հիմնականում առեւտրի ծավալները ստաբիլ են, քանի որ խանութը գտնվում է բնակելի շենքերի տակ եւ ունի իր մշտական սպառողները։ Խանութի վաճառողուհին նշեց, որ թանկացումներն իր վրա որպես սպառողի՝ եւս ազդել են։ «Հիմա ես միս, երշիկեղեն չեմ առնում, ճիշտ է, որպես խանութի աշխատող՝ որոշ արտոնություններ ունեմ, բայց միեւնույն է գումարը չի բավականացնում»,- ասաց նա։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031