Երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած նիստում ՄՕԿ-ի գործկոմը քվեարկեց ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրի տիտղոսաթերթում ընդգրկելու օգտին:
Գործկոմը երաշխավորել է եւս երկու մարզաձեւ՝ սոֆթբոլ/բեյսբոլը եւ սկվոշը: Օլիմպիական մարզաձեւերի ցուցակից դուրս են մնացել կարատեն, անվավոր չմուշկները, վեյկբորդինգը, ուշուն եւ լեռնամագլցումը: Հարցին, թե ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու առաջարկը սխալ չէ՞ր, ՄՕԿ-ի օլիմպիական մարզաձեւերի հանձնաժողովի նախագահ Ֆրանկո Կարրարոն պատասխանել է. «Ես պատրաստ չեմ մեկնաբանել: Սակայն կարող եմ ասել միայն, որ ՄՕԿ-ը մշակել է 99 տարրերից կազմված համակարգ, որով գնահատվել են օլիմպիական բոլոր մարզաձեւերը»:
Այժմ նշված երեք մարզաձեւերն էլ ներկայացվելու են ՄՕԿ-ի 125-րդ համաժողովի հաստատմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ