Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրու լոկոմոտիվային եւ վագոնային դեպոների պաշտոնական բացումից հետո շրջայց է կատարել նաեւ Գյումրու փակված հիվանդանոցների շենքեր, որպեսզի ուսումնասիրի ու որոշի, թե ում կարելի է վաճառել դրանք:
Նշենք, որ Գյումրու բոլոր հիվանդանոցները միավորվեցին Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնում, իսկ հին շենքերը դեռ դատարկ են: Վարչապետը նախ եղել է մարզային հիվանդանոցի շենքում, որը գտնվում է Գյումրու կայարան թաղամասում: Այս հիվանդանոցի շենքն ուսումնասիրելով`վարչապետը ասել է. «Թող 20 միլիոն դրամի ներդրում կատարեն, ինչ ուզում է սարքեն, թեկուզեւ հյուրանոց»: Զրույցին միջամտել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` անմիջապես առաջարկելով. «Ինչի՞ չէ, օրինակ` ես ու Արման Սահակյանը (խոսքը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականտիրոջ մասին է), մեծ հաճույքով կներդնեինք ու հյուրանոց կկառուցեինք»:
Շիրակի մարզի որշ բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ, Սամվել Բալասանյանի ասածը ամենեւին դուր չի եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, ով ընդհատել է քաղաքապետին`նկատելով. «Ի՞նչ հյուրանոց, հոգնեցինք հյուրանոցներից, շատ ավելի կարեւոր շենքերի անհրաժեշտություն ունենք»:
Վարչապետը այցելել է նաեւ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի դատարկ շենք, որը Գյումրու երկրագիտական թանգարանին անժամկետ օգտագործման տրամադրելու ուղերձով Գյումրու ավագանին դիմել էր վարչապետին: Նկատենք, որ 1930 թվականին ստեղծված այդ թանգարանը, որը զբաղված է Շիրակի մարզի բնակավայրերի հնագիտական պեղումներով ու հսկա ազգային արժեք է կուտակել, այժմ շենքային պայմաններ չունենալու պատճառով վերածվել է պահեստի`հնարավորություն չունենալով մեր իսկ պատմությունը մեզ ցուցադրել:
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ