Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանի նախագահի չմասնակցության հարցը չի կարելի շահարկել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` ադրադառնալով վերջին օրերին հայկական և ռուսական մամուլում բուռն քննարկման առարկա դարձած այդ թեմային:
Ըստ նախարարի, Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթաժողովին` Հայաստանի առաջին հանրապետության օրվա միջոցառումներին ներկա գտնվելու պատճառով: Ի դեպ, երեկ, Սարդարապատում կայացած տոնական շքերթին, այնուհետեւ մյուս տոնական միջոցառումներին, մասնակցում էին նաեւ Սեյրան Օհանյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, ովքեր մասնակցել էին նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովին: Իսկ Բիշքեկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ազգային անվտանգության քարտուղարների խորհրդի նիստերում, որին մասնակցել են Սեյրան Օհանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Արթուր Բաղդասարյանը, ընդունվել են ներպետական մակարդակով ընդունված և համաձայնեցված բոլոր որոշումները:
Նախարարն անրադարձավ նաեւ ազատամարտիկների պահանջներին: Ասաց, որ դրանք ներկայացվել են կառավարությանը, և վերջինս համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ է տվել` հարցը քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու մասին: Նախարարը տեղեկացրեց, որ ինքն անձամբ հանդիպել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ, համապատասխան պարզաբանումներ է տվել, իսկ վաղը Պաշտպանության նախարարությունում հանդիպելու է ազատամարտիկների հինգ հոգանոց խմբի հետ` քննարկելու նրանց կողմից բարձրացված պահանջները: Քննարկման արդյունքները կրկին կներկայացվեն կառավարությանը: Նախարարը վստահ է, որ ազատամարտիկների խնդիրներն անպայման լուծում կստանան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ