Նոր կարճամետրաժ` «Լուսինը քաղաքի վրա» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն օգոստոս ամսից: Ըստ ֆիլմի սցենարիստ Արտավազդ Եղիազարյանի՝ ֆիլմ նկարելու գաղափարը ծնվել է իր ընկերներից Արթուր Սուքիասյանի մոտ, ով տեսնելով Արտավազ Եղիազարյանի ֆեսբուքյան էջում դրված պատմվածքը եւ կարդալով այն՝ հասկացել է, որ պատմվածքի հիման վրա պետք է կարճամետրաժ ֆիլմ նկարահանի:
«Սյուժետային որոշակի փոփոխություններ իհարկե եղան,- նշում է Արտավազդ Եղիազարյանը,- քանի որ արձակ ստեղծագործությունը անհնար է նույնությամբ թարգմանել կինոյի լեզվի մեջ: Անհրաժեշտ էին որոշակի փոփոխություններ, իսկ ահա վերնագրային առումով, այն մնաց նույնը, որովհետև երկու դեպքում էլ բոլոր իրադարձությունները այսպես թե այնպես կախված էին լուսնի աննախադեպ մոտիկության հետ»:
Կարճամետրաժ ֆիլմը պատմում է երիտասարդ լրագրող Մարտինի մասին, ով իր հոնորարն ստանալու համար հուսահատ փնտրում է ամսագրի խմբագրին, սակայն վերջինս կարծես անհետացել է: Իր հեռախոսի վրա ստացվող տարօրինակ զանգերի, քաղաքում տեղի ունեցող արմատական ազգայնականների զանգվածային անկարգությունների և խորհրդավոր մի աղջկա հետ պատահական հանդիպման պատճառը, ըստ Մարտինի, այս գիշեր լուսնի երկրին աննախադեպ մոտ գտնվելն է:
Սակայն մեկ գիշերը բավական է նրա կյանքը տակնուվրա անելու համար:
«Պետք է խոստովանեմ, որ այս փուլում ես նախընտրում եմ քիչ խոսել, բայց այնուամենյանիվ ուզում եմ ասել, որ մենք այժմ գտնվում ենք նախապատրաստական փուլում, այս գործըթնացը բավականին փխրուն մի շրջան է: Սա ավելի շուտ լուռ պրոցես է, բայց քանի որ մեր ֆիլմը առանց բյուջեի է լինելու և անձնակազմը հոնորար կամ աշխատավարձ չի ստանալու, մենք փնտրում ենք տարբեր մարդկանց, ովքեր կկարողանան օգնել մեզ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներում: Մենք դեռ փնտրում ենք ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին, ով կկարողանա մարմնավորել Լունայի կերպարը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը:
Կարդացեք նաև
Իսկ այն հարցին արդյո՞ք ֆիլմի համար հովանավորներ չգտնվեցին, թե իրենք չուզեցին, Արտավազդ Եղիազարյանը պատասխանեց.
«Որոշեցինք ամեն դեպքում սկսել սեփական ուժերով ու էնտուզիազմով, զուգահեռ նաև, որոշ ֆինանսական աղբյուրներ փնտրելով: Այնպես չէր, որ հովանավորներ ունենալ չցանկացանք, պարզապես որոշեցինք դրանից կախում չունենալ: Միտք կա ներկայացնել քաղաքային պատմությունը մեր այսօրվա հատուկ տիպաժներով, խնդիրներով և պարզապես հետաքիքիր մի պատություն, որի զարգացմանը հետաքրքիր կլինի հետևել 30 րոպե»:
Օվսաննա Սիմոնյան