Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտանում եմ, որ ձախլիկ եմ». ձախլիկների առավելությունների ու թերությունների մասին

Մայիս 29,2013 17:18

Մարդկանց մեծ մասն աջլիկներ են, ձախլիկները կազմում են նրանց 12%-ը: Գիտնականները ձախլիկներին միշտ էլ ուսումնասիրել են ու զարմանալու շատ առիթներ տվել: Պարզվում է, որ ձախլիկների մասին մտածել են նաև շա՜տ հնում: XIX դարում, օրինակ, Գերմանիայում արտոնագրվել է երկու բռնակով գարեջրի գավաթ, որն, իբր, շատ հարմար էր ձախլիկների համար: Իսկ 1960-ական թվականներին «Ֆորդ» ընկերությունը թողարկեց ավտոմեքենաների փորձնական շարք, որոնց արագությունները փոխելու լծակը գտնվում էր ձախ կողմում: Սակայն ցանկալի պահանջարկ չունենալու պատճառով, այդպիսի ավտոմեքենաների արտադրությունը դադարեցվեց, չէ՞ որ ձախլիկներն ավելի քիչ են, քան աջլիկները:

Այնուամենայնիվ, ձախլիների համար անհարմարությունները շատ են, որոնց քիչ թե շատ հարմարվում են ժամանակի ընթացքում. «Ամենաշատը նեղվել եմ, երբ դպրոցում նստում էի, սկսում էի գրել, կողքիս նստածն էլ աջլիկ էր միշտ լինում ու մեր ձեռքերը ակամայից շատ էին հատվում իրար, – պատմում է 21-ամյա Արթուր Բաղդասարյանը, – համակարգչի մկնիկից էլ հազիվ սովորեցի աջով օգտվել»: Կարծում է, ձախլիկությունը ոչնչով չի օգնում, ընդհակառակը՝ խանգարում է, քանի որ ինչպես նշում է՝ աջլիկների աշխարհ է սա: Սակայն ձախլիկությունը մի առավելություն ունի, ասում է. «Աշխարհայացքս տարբեր է, իրերը իմ տեսանկյունից եմ միշտ դիտարկում, որի մեջ շատ ուժեղ արտահայտված է հուզական ֆոնը»: Արթուրը, երբեմն, փորձել է աջով գրել, սակայն այնքան էլ լավ չի ստացվել. «Ոնց որ առաջին դասարանցու ձեռագիր լինի ծուռթաթ արջի ձեռքով գրված», – ասում է նա 🙂

Ասում են ձախլիկներն ավելի խելացի են, մտածողությունն էլ առավել գեղարվեստական: Հայտնի ձախլիկներ են եղել Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Նապոլեոն Բոնապարտը, Արիստոտելը, Նյուտոնը, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Պաբլո Պիկասոն, Մոցարտը, Բեթհովենը, Պագանինին, Չառլի Չապլինը, Բիլ Գեյթսը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը (կրտսեր), Բարաք Օբաման, Դիեգո Մարադոնան: Մասնագետները պարզել են, որ ձախլիկների մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը, աջլիկների մոտ` ձախը: Ու եթե ձախլիկներին ստիպում են աջով գրել, նրանց միտքը սկսում է դժվար զարգանալ:

«Ինձ սկզբում ծնողներս ասում էին՝ գրիչը աջով բռնի, բայց ես, մեկ է, չէի կարողանում, – ասում է 23-ամյա Հռիփսիմե Կարապետյանը, – ոչ թե հակառակվում էի ծնողներիս, այլ ուղղակի չէի կարողանում, չէր ստացվում ինձ մոտ աջով գրել, նկարել»: Ծնողները ժամանակի ընթացքում հասկացան, որ ձախլիկությանը դեմ գնալ ամենևին էլ պետք չէ, չէ՞ որ դա բոլորովին էլ թերություն չէ: Ձախլիկությունը Հռիփսիմեյին բոլորովին էլ չի խանգարում, կամ ինչպես ինքն է ասում՝ արդեն վարժվել է. «Մարդկանց մոտ միշտ կամ զարմանք կամ ժպիտ է առաջանում, երբ օրինակ խոհանոցում դանակը ձախով եմ բռնում կամ նկարելիս եմ մատիտը ձախով  բռնում…»: Նշեմ նաև, որ Հռիփսիմեն նկարչուհի է, կարծում է՝ դրան նպաստել է նաև իր ձախլիկությունը. «Ձախլիկների մոտ ստեղծագործական ունակություններն ավելի վառ են արտահայտված, ես էլ մանկուց սիրել եմ գրել, նկարել ու առհասարակ ստեղծագործել, դրա համար էլ որոշեցի նկարչությամբ զբաղվել, – ասում է նա ու ավելացնում, – աստիճանաբար ավելի ու ավելի եմ հպարտանում, որ ձախլիկ եմ ու համոզվում, որ դա առավելություն է, և ոչ թերություն»:

Ստորև ներկայացնում եմ ուսումնասիրությունների ընթացքում առանձնացրած 5 փաստ՝ ձախլիկների մասին

1. Ձախլիկները ավելի շատ են ազդվում վախից:

2. Նրանք ավելի ջղային են:

3. Նրանք ավելի ներամփոփված են:

4. Նրանք «ձախ»-ը կապում են լավի հետ:

5. Նրանք կարող են առավելություն ունենալ քաղաքականության մեջ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031