Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները ՀԾԿՀ-ի՝ գազի գնի աշխատանքային քննարկումը տապալեցին (Տեսանյութ)

Մայիս 29,2013 16:42

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որ հրավիրվել էր «ՀայՌուսգազարդի»՝ գազի սակագնի թանկացման հայտի հիման վրա, տապալվեց: Ակտիվիստները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք նախապես գրանցվել  էին՝ մասնակցելու աշխատանքային քննարկմանը, ոչ մի կերպ չհամաձայնեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի շենքում մեկ այլ դահլիճ տեղափոխվելու առաջարկին: Պարոն Նազարյանի այն պնդումներին, թե մյուս դահլիճում մոտ 70 մարդ կտեղավորվի եւ կհաջողվի շարունակել քննարկումը,  ակտիվիստներին համոզիչ չթվաց:  Հարցին, թե ինչո՞ւ չեն ուզում ավելի մեծ դահլիճ վերցնել, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Որովհետեւ չեմ ուզում այս աշխատանքային քննարկումը վերածվի շոուի»: Պարոն Նազարյանի այդ պատասխանը ակտիվիստներին ափերից հանեց: Վերջիններս նկատեցին. «Նշանակում է՝ դուք դիտմամբ եք այդպիսի դահլիճ ընտրել, որպեսզի ինչ որ ուզում եք՝ անցկացնեք: Եթե դա շոու է, ապա դուք մի մասնակցեք այդ շոուին»:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ բորբոքված նկատեց. «Եթե դուք չեք կարող ավելի մեծ դահլիճ ապահովել եւ հնարավորություն չունեք կազմակերպել հանրային քննարկումը՝ ապահովելով քաղաքացիների ներկայությունը, ապա մե՛նք կկազմակերպենք այդ քննարկումը եւ ձեզ կհրավիրենք»: Պարոն Սադոյանի առաջարկությունը ակտիվիստները ողջունեցին ծափահարություններով: «Սա մեր խնդիրն է, մեր հանապազօրյա հացի խնդիրն է եւ մենք պետք է որոշենք՝ ինչ է պետք»,- նկատեցին ակտիվիստները:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը աշխատանքային քննարկումը համարեց ավարտված, ասելով, որ ինքն այս պայմաններում չի կարող աշխատել եւ հաջորդ աշխատանքային քննարկման մասին լրացուցիչ կտեղեկացնեն իրենց կայքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031