0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը վճարովի դարձնելու` օրերս տարածված խոսակցությունները հասարակության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրին: Ու մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է հերքել այդ լուրերը և հիմնավորել, թե իրականում այդ ծրագրում ոչինչ չի փոխվել, հիվանդանոցներն արդեն հրաժարվում են սպասարկել այդ տարիքային խմբի երեխաներին: Մասնավորապես Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ Մալայանի անվան ակնաբուժարանում հրաժարվել են անվճար սպասարկել երեխային` պատճառաբանելով, թե պետպատվերի շրջանակներում իրենց հիվանդանոցին հատկացված գումարները չեն փոխանցվել:
Ւսկ ո՞ւր են կորել այդ գումարները: Aravot.am-ը այս հարցի պատասխանը փորձեց ստանալ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից: Հստակ պատասխան չլսեցինք, փոխարենը Ս. Քրմոյանը փորձեց հավաստիացնել, որ իրականում հիվանդանոցներին նախորդ ամսվա վճարումները հաջորդ ամսում կանոնավոր կատարվում են: Հետո էլ հավելեց. «Որոշ բուժհիմնարկների սահմանափակ բյուջեն հնարավոր է չբավարարի տվյալ ամսվա բոլոր հիվանդներին սպասարկելու համար: Ուստի նախ պլանային հիվանդներին, անհետաձգելի տրավմաներով երեխաներին են սպասարկում, հետո մյուսներին: Բայց նախարարը նախորդ շաբաթ քննարկում է արել և հանձնարարել, որ ոչ մի վճարովի ծառայություն 0-7 տարեկանների շրջանում չիրականացվի, քանի որ այդ ծրագրից որևէ գումար չի կրճատվել»:
Կրկին փորձեցինք հստակեցնել, ո՞ւր են կորել մի շարք հիվանդանոցների, այդ թվում նաև Մալայանի ակնաբուժարանի համար պետպատվերով նախատեսված գումարները: Ս. Քրմոյանն ի պատասխան՝ նշեց. «Նախարարը հատուկ հանձնաժողով է ստեղծել Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում համապատասխան ստուգումներ իրականացնելու համար, որ իմանանք, թե այնտեղ իրականում ինչ խնդիր կա»:
Մինչ նախարարությունը հանձնաժողով է ստեղծել և ուզում է ստուգել, ուր են կորել Մալայանի ակնաբուժարանին պետբյուջեից հատկացված գումարները, ակնաբուժարանի փոխտնօրեն Զառա Մալայանը մեզ հետ զրույցում խնդրի կապակցությամբ վրդովված այլ բան է ասում. «Մենք քանի որ կատարել ենք պետպատվերի շրջանակներում հատկացված գումարի համապատասխան հիվանդ երեխաների քանակը, այժմ պետբյուջեից մեզ տրամադրված գումարը սպառվել է: Ուստի այդ տարիքային խմբի երեխաները կարող են դիմել ութերորդ հիվանդանոց կամ մանկական ակնաբուժական հիվանդանոց: Եթե ցանկանում են մեզ մոտ բուժվել, ապա պիտի հերթագրվեն, և երբ գումարը հատկացվի, այդ ժամանակ երեխաներին կսպասարկենք պետպատվերի շրջանակներում: Այժմ մեզ մոտ կասեցված է 0-7 տարեկան երեխաներին պետպատվերի շրջանակներում սպասարկումը: Այո, հիմա հանձնաժողովը մեզ մոտ ստուգումներ է իրականացնում»:
Կարդացեք նաև
Զ. Մալայանից հետաքրքրվեցինք`ինչպե՞ս է գնահատում առողջապահության նախարարության նման դիրքորոշումը: Նա պատասխանեց. «Ես իրավասու չեմ գնահատել նախարարության աշխատանքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ