Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ «հակակարկտային բանակցություններ» չեն տարվում

Մայիս 29,2013 16:17

«Պահպանիչ սետկաներն այնքան թանկ են, որ ոչ գյուղացին, ոչ էլ պետական միջոցներով կարելի է դա անել: Նման աղետ քառասուն-հիսուն տարին մեկ է լինում: Հակակարկտային կայաններն օգնում են, երբ կարկտային ամպերը նոր-նոր ձեւավորվում են: Սա աղետ էր եւ ոչինչ օգնել չէր կարող»,- այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Փոխնախարարը պատասխանում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, որը վերաբերվում էր վերջին շրջանում տեղացած կարկուտների ժամանակ ծառայության աշխատանքներին:

Այնուհետեւ պատասխանելով Խաչատուր Քոքոբելյանի հարցին, փոխնախարարն ասաց, որ նման ցանցերով մեկ հեկտար խաղողի այգու ծախսը կազմում է տասից-տասնհինգ հազար դրամ:

Ի դեպ, ըստ փոխնախարարի, Հայաստանը պետք է կարկտակայանների երկրորդ պաշտպանիչ շերտ ստեղծի: Դրա համար մոտ հազար կարկտակայան կպահանջվի, իսկ դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է վեց միլիոն երեք հարյուր հազար դրամ:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ հետաքրքրվեց`փորձե՞լ է հայկական կողմը բանակցել Թուրքիայի հետ, որպեսզի կարկտային ամպերը չեզոքացվեն հենց Թուրքիայի տարածքում եւ Հայաստան չգան: Փոխնախարարն ասաց, որ խորհրդային տարիներին նման փորձ եղել է, հրանոթներով կրակել են անգամ Թուրքիայի սահմանի ուղղությամբ`չեզոքացնելով ամպերը, բայց այժմ, այդ հրանոթները չկան, քանի որ պատերազմի տարիներին դրանք ռազմաճակատում են օգտագործվել: Այժմ, Թուրքիայի հետ նման բանակցություններ չեն տարվել:

Նրա կարծիքով, Հայաստանն այժմ իր հակակարկտային երկրորդ պաշտպանական շերտը պետք է փորձի ամրապնդել: Հայաստանում կա երկու ռադիոլակացիոն կայան, ինչն, ըստ նրա, բավարար չէ: Փոխնախարարն ասաց, որ ևս երեք ռադիոլակացիոն կայանի անհրաժեշտություն կա` ծածկելու կարկուտի երկրորդ և երրորդ գոտին: Հ.Մխիթարյանը նշեց, որ հակակարկտային կայանների գործունեությունը պետք է տրվի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031