Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որը հրավիրվել էր«ՀայՌուսգազարդի» գազի սակագնի թանկացման հայտը քննարկելու նպատակով, մի շարք ակտիվիստների եւ հ/կ ակտիվիստների պահանջով դադարեցվեց: Ակտիվիստները պահանջում էին հանձնաժողովից՝ ավելի մեծ դահլիճ տրամադրել, որպեսզի հնարավորություն ունենան այդ հասարակական լսումներին մասնակցել նաեւ այն քաղաքացիները, որոնք գրանցվել են, սակայն այս պահին չեն կարողանում մուտք գործել դահլիճ՝ ազատ տեղ չլինելու պատճառաբանությամբ: Հ/կ ներկայացուցիչները պահանջում էին նիստը հետաձգել եւ ապահովել բոլոր ցանկացողների ներկայությունը: Աշխատանքային խումբը, որը գլխավորում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը, ստիպված եղավ 10 րոպե ընդմիջում հայտարարել: Ընդմիջումից հետո հանձնաժողովի անդամներին միացավ նաեւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Պարոն Նազարյանը այս պահին ակտիվիստներին համոզում է աշխատանքային խմբեր ստեղծել եւ նրանց հետ առանձին քննարկել հարցը, սակայն վերջիններս մնում են իրենց պահանջին՝ ավելի մեծ դահլիճի տրամադրում, որպեսզի ներկա լինեն բոլոր ցանկացողները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ