«Այսօր համացանցում ժամանակային սահմանափակում կիրառել հնարավոր չէ, ինչպես նաև ծնողների կողմից կիրառվող գաղտնաբառերը հաճախ չեն գործում, քանի որ երեխաները շատ ավելի հմուտ են և շատ լավ կարողանում են շրջանցել»,- այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Ըստ բանախոսի` երեխաներն այսօր համացանցից օգտվում են ոչ միայն համակարգչի միջոցով, այլ բջջային հեռախոսներից, որը ևս բարդացնում է վերահսկողությունը. «Հիմնականը ընտանիքն է, որ ծնողները պետք է վստահեն երեխաներին, երեխաներն էլ ծնողներին: Արգելելով՝ մենք չենք կարող հասնել որևէ արդյունքի»:
Սաղյանի փոխանցմամբ` երեխաների համար վտանգ է ներկայացնում ոչ միայն վտանգավոր կայքեր մուտք գործելը, այլև անծանոթների հետ շփումը սոցիալական ցանցերում. «Ամբողջ աշխարհում սա իսկապես մեծ վտանգ է իր մեջ պարունակում, սակայն այն կարծես մեզ մոտ չկա, քանի որ մեր բարոյական արժեքներն այս առումով առայժմ զերծ են պահում նման խնդիրներից»:
ICANN նշանակվող հանձնաժողովի անդամ Սիրանուշ Վարդանյանի խոսքով`ինտերնետն ու համակարգիչը պարզապես գործիքներ են, որից պետք է ճիշտ օգտվել, որում նույնպես կարևորվում է ծնողի դերը: «Երեխաների մեծ մասը ինքնահաստատման խնդիր ունեն: Դպրոցում շատ երեխաների ծաղրում են երբեմն չգիտակցելով, որն էլ մեծ խնդիրներ է առաջացնում: Եվ համացանցը դառնում է ինքնահաստատման համար լավագույն հարթակ: Ծնողները պետք է կարողանան հասկանալ երեխայի հետաքրքրությունները, իսկ հասկանալու համար պետք է փոխվստահություն ամրագրել»,-ընդգծեց Վարդանյանը:
«Ինտերնետ հանրություն» հ/կ վարչության անդամ Լիանա Գալստյանը նշեց, որ այսօր հնարավորություն կա Google համակարգում սահմանափակել տեղեկատվությունը, որտեղ ծնողն ինքն է նախընտրում ինչ հնարավոր լինի փնտրել, իսկ ինչ՝ ոչ. «Այս դեպքում անգամ հնարավորություն կա մի շարք բառերի վերաբերյալ որոնողական համակարգում ոչ մի տեղեկություն չբերի, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ այդ ֆիլտրը շատ ծնողներ տեղադրել չեն կարող՝ ֆինանսից ելնելով»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ