Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլև ապագային միտված ուղերձ է»

Մայիս 29,2013 15:39

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամ Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, մաղթել նոր հաջողություններ: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական խոսքում նշել է, որ մրցանակի թեկնածուների ընտրության և առաջադրման համար մասնագիտական հանձնախմբերը կանխավ շատ լուրջ աշխատանք են կատարում, որի շնորհիվ լավագույններից լավագույնների հետ հանդիպումն արդեն տեղի է ունենում Նախագահի նստավայրում: Անդրադառնալով այդ ամբողջ գործընթացին՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե միամտություն կլիներ կարծել, որ բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնախմբերի կարծիքների հետ, և հավանաբար, այդպես էլ պետք է լիներ: Հանրապետության ղեկավարը կոչ է արել նրանց՝ լինել համբերատար, հանդուրժող և համոզվածություն է հայտնել, որ լավագույն ստեղծագործություններն անպայման կարժանանան հանձնախմբերի գնահատականին:

«Ուրախ եմ նաև, որ այս դահլիճում ներկա են ինչպես մեր արվեստի և գիտության նահապետները՝ ավագ սերնդի ներկայացուցիչները, այնպես էլ երիտասարդները, ովքեր աչքի են ընկել իրենց առաջին աշխատանքով: Իսկ դա նշանակում է, որ ամուր են մեր ժողովրդի լավագույն ավանդույթները՝ արժեքները սերնդեսերունդ փոխանցելու կամքը:

Այս համատեքստում պետք է անդրադառնամ մրցանակակիրներից մեկին, ով, ցավոք սրտի, այժմ մեզ հետ չէ: Խոսքս նշանավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մասին է, ում այսօր մենք մրցանակ ենք շնորհում հետմահու: Մեծ նկարչի տաղանդը և խորը, ոչ ցուցադրական հայրենասիրությունը նրան բերեցին «վարպետի» կոչում: Մի կոչում, որ շնորհում է ինքը՝ ժողովուրդը:

Եվ թող Աստված լուսավորի վարպետի հոգին: Մենք նրան ջերմությամբ ու սիրով ենք հիշում: Եվ, իհարկե, նրա պակասը մշտապես զգում ենք:

Առանձնահատուկ խորհուրդ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով մրցանակ շնորհելու փաստի մեջ: Այսօր մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանին և սփյուռքի կարևոր հաստատություններից մեկին՝ Զորյան ինստիտուտին: Այսօր, ի դեմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: Իսկ Զորյան հաստատության աշխատանքում արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին, որը թույլ տվեց մեր ժողովրդի շառավիղներին ոչ միայն վերապրել արհավիրքը, այլև կրկին վերահաստատել ապրելու իր վճռականությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս արարողությունը ամբողջությամբ ողողված է դրական լիցքերով: Այն թույլ է տալիս ամբողջ հայոց ազգի անունից ճանաչել մեր երախտավոր մրցանակակիրների աշխատանքն ու վաստակը: Սակայն մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլև ապագային միտված ուղերձ է: Այս մրցանակների նպատակներից մեկն է խրախուսել ձեզ կանգ չառնելու ձեռք բերված հաջողությունների վրա: Այս մրցանակների միջոցով մենք ոչ միայն երախտագիտություն ենք հայտնում ձեզ, այլև հորդորում ենք անել ավելին՝ ի փառս հայ ժողովրդի: Այստեղ չեմ կարող հատուկ գնահատանքի խոսք չուղել հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ այդ թվում նաև այս մրցանակին աջակցելու ձևով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ քաջառողջություն, որպեսզի ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղություն ձեր օջախներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

***
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2012թ. մրցանակ է շնորհվել.

Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար և Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2012 թվականի մրցանակ է շնորհվել.

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ` «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն» մենագրությունների շարքի համար,
արվեստի բնագավառում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)՝ «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար և Հենրիխ ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ` «Երկխոսություն կյանքի տևողությամբ» դիմանկարների շարքի համար,
բժշկագիտության բնագավառում` Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, Նիկոլայ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, Գագիկ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼՅԱՆԻՆ և Լևոն ՎԱՆՅԱՆԻՆ` «Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում» գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Հենրիկ ԷԴՈՅԱՆԻՆ` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

Արվեստի բնագավառում` Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար և Սաթենիկ ՇԱՏԻՐՅԱՆԻՆ` ըստ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը Ճոճանակին» ներկայացման համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Մանե ԳԱԼՈՅԱՆԻՆ, Հովհաննես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, Արսեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ՝ «Երգեցողություն» անվանակարգում՝ բարձր կատարողական արվեստի համար,
Լևոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (դաշնամուր), Միքայել ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում՝ լավագույն կատարման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Շնորհավորում եմ, բոլոր մրցանակակիրներին, սակայն այս մրցանակը ցավոք ամբողջովին արժեզրկվել է….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031