Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով է ասում՝ ազատամարտիկների համար փող չկա, բա էդ դղյակներն ու կազինոնե՞րը»

Մայիս 29,2013 14:45

Երեկ տոն էր՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնն էր, բայց դա կարծես միայն օրացույցով է այդպես, քանի որ մայրաքաղաքում տոնի զգացողություն չկար, գուցեեւ պատճառն այն է, որ մեր իշխանավորներն այնքան էին տարվել արքայազն Չարլզի այցելությամբ, որ մոռացել էին նույնիսկ մայրաքաղաքում եռագույն դրոշներ կախել:

«Ցավոք, այսօրվա տոնի գինը չենք հասկանում, քաղաքում ոչինչ չի մատնում տոն լինելու փաստը, իսկ տոն լինում է այն ժամանակ, երբ այն դառնում է ժողովրդական, երբ յուրաքանչյուրը մասնակցում է այդ տոնին: Մենք չկարողացանք տոնը իրոք դարձնել տոն՝ ժողովրդի համար: Սա այն մարդկանց տոնն է, որոնք գիտակցում են անկախության, պետականության գինը, բայց ոչ շնորհիվ իշխանավորների, այլ այն տղաների, որոնք Եռաբլուրում են»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց մտավորական Գագիկ Գինոսյանը:

Ինչպե՞ս ենք այսօր գնահատում մեր պետականությունն ու անկախությունը, որը պահելու համար նաեւ ժողովրդավարություն պիտի ստեղծենք մեր երկրում, ի վերջո՝ այդ անկախության համար պայքարած ազատամարտիկներին ինչպե՞ս ենք գնահատում՝ հաշվի առնելով, որ այսօր նույն այդ ազատամարտիկները Ազատության հրապարակում բողոքի ակցիա են անում: Մեր այս հարցերին ի պատասխան՝  Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվ» մահապարտների ջոկատի հրահանգիչների  X դասակի անդամ Գագիկ Գինոսյանն ասաց. «Նախ՝ անկախությունը յուրաքանչյուր անձի համար բացարձակ արժեք է, ես կլինեմ անկեղծ. եթե մենք աշխարհի ամենաժողովրդավար պետությունն էլ լինենք, կարծում եմ՝ գերտերություններն այլ պատճառներ կգտնեն մեզ ենթարկեցնելու: Խնդիրն այլ է, ավելի լավ է լինել մետաղյա փոքր գնդիկ, որը լիքն է, որը սնամեջ չէ, ու որից ասեղը վախենում է, քան լինել մեծ փուչիկ, որը սնամեջ է, որը յուրաքանչյուր ասեղից վախենում է: Մենք կառուցում ենք մի երկիր, որը սնամեջ է ու փուչիկի կարգավիճակով, որը դրսից եկող ամեն մի վտանգից, մի փշրից վախի մեջ է: Իսկ մետաղյա գունդը ոչնչից վախենալու կարիք չունի, եկեք լինենք լիքը ներսում ու ներսում կառուցենք հզոր պետություն, որը ամեն արհավիրքին դիմակայելու իր ձեւը կգտնի՝ դա կլինի ժողովրդավարության հիմքի վրա, թագավորական՝ չգիտեմ, կարեւորը գերհզոր ներքին կառուցվածք ունենալն է:  Այսօր մենք չունենք այդ մեխանիզմը, եւ ինչ-որ մարդիկ պարտադրանքի գնով ինչ-որ բաներ են կառուցում, եւ նույնիսկ իշխանավորները չեն էլ գիտակցում, որ սա ամենախարխուլ ձեւն է եւ իրենց ունեցած, թեկուզեւ արտասահմանյան հարստությունները շատ արագ փոշիացվող երեւույթներ են: Մարդը վաստակում է մեկ ակնթարթում հավերժություն՝ հերոս տղան կռվի դաշտում, եւ մարդիկ մի ամբողջ կյանք տալիս են, որպեսզի վաստակեն դարերի ատելություն, վաստակեն կոչումներ»:

Պարոն Գինոսյանի գնահատմամբ՝ իրականում երկրի ընդդիմադիրները նրանք են, ովքեր նույնիսկ իշխանության մեջ լինելով՝ պետականության դեմ ինչ-ինչ գործողություններ են անում՝ սկսած երկրի առաջին աթոռից մինչեւ վերջինը. «Ինձ համար առաջին իշխանությունն այս երկրի Եռաբլուրն է»:

Սովորաբար աշխատավարձերի, կենսաթոշակների կամ այլ սոցիալական ծախսեր անելու պահանջներին ի պատասխան՝ կառավարությունը պատճառաբանում է, թե մեր երկրի բյուջեն փոքր է՝ չեն կարող նման ծախսեր անել եւ այլն: Ազատամատիկների՝ իրենց սոցիալական կարգավիճակը վերանայելու առումով էլ՝ կենսաթոշակների բարձրացում եւ այլն, հնարավոր է  կառավարությունը նորից փող չունենալու պատճառաբանությունը բերի, եւ ազատամարտիկների բողոքի ակցիան ըստ էության իր նպատակին չհասնի:

Մեր այս դիտարկմանն էլ Գագիկ Գինոսյանը մատնացույց արեց մեր երկրում եղած բազմաթիվ կազինոներն ու ռեստորանները, հյուրանոցներն ու դղյակները եւ նշեց, որ այդ ամենը ցույց են տալիս, որ փող լավ էլ կա. «Բողոքի ակցիայի առաջամարտիկներից մեկը՝ Վոլոդյա Ավետիսյանը, եղել  է ազատագրման բանակի փոխհրամանատար, «Արծիվ» մահապարտների ջոկատի մարտական գծով հրամանատարի տեղակալ, մասնակցել է պատերազմի առաջին օրերից մինչեւ վերջին օրերը, հետո՝ բանակաշինությանը, մինչեւ զորացրվելը նա Լեոնիդ Ազգալդյանի զինվորն է եղել ու նրա   բարոյականությունը իր մեջ կրելով՝ որեւէ բաց տեղ չի թողել, եւ իշխանությունների համար վտանգը հենց  այստեղ է: Այսինքն՝ էն փուչիկ ազատամարտիկը չի կամ ասֆալտի ֆիդայի չի: Նա իր խնդիրները չի  բարձրաձայնում, այլ իր նման, իրենց շատ ավելի վատ ապրող տղաների ու նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների խնդիրն է բարձրացնում, որովհետեւ այս երկրում ազատամարտիկը արժանապատիվ կյանք չունի: Մենք պարտավոր ենք այդ մարդկանց ապահովել համապատասխան արժանապատիվ կյանքի բոլոր միջոցներով: Այն օլիգարխները, որ փող են վաստակել, թեկուզ արդար ճանապարհով, բայց վաստակել են նաեւ սկզբնական կապիտալը այն ժամանակ, երբ Ավետիսյան Վալոդը սահմանում էր, ու իր աչքի առաջ իր հրամանատարը, ընկերներն էին զոհվում, ինքն էր վիրավորվում: Այ, երբ ինքը կռվում էր, իսկ իրենք երկիրը թալանում էին կամ արդար վաստակում, երբ երկիրը վտանգի մեջ էր, ու էդ տղերքի արժանապատիվ կեցվածքը չեն ուզում ապահովել, ուրեմն կառավարության մեղքն է: Կառավարությունը պիտի ստեղծի նաեւ օրենսդրական լծակներ, որպեսզի այդ գումարները՝ հայթայթված կամ գողացված, հավասարակշռվեն: Եթե լիներ պատերազմ, լիներ պարտություն Արցախում կամ Հայաստանի սահմաններում,  ո՞վ էր կարողանալու այդ գումարները վաստակել եւ ի՞նչ գումարներ էին ունենալու: Իրենք պիտի հասկանան, որ այդ տղաները եթե արժանապատիվ կյանք չունենան, վաղը իրենց իսկ գումարները, տնտեսության զարգացումը կամ սահմանը անվտանգ պահելը չի կարող լինել»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ ՀՀ նախագահը, որը եւս պատերազմի մասնակից է, ի պաշտոնե Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց առայժմ մարտական ընկերների բողոքին չի արձագանքել, նույնը կարելի է ասել որոշ բարձրաստիճան զինվորականների մասին, պարոն Գինոսյանն ասաց. «Իհարկե, երկրի առաջին դեմքից շատ բան է կախված, ու շատ բան կարող է փոխվել: Նախագահը հովանավորում է դասական համերգներ, վարչապետը հովանավորում է ռոք համերգներ, երբեւէ չեք լսի, որ ինչ-որ մեկը հովանավորում է ազգային մշակույթի ինչ-որ մի բան, ամեն ինչ հովանավորվում է, բայց ոչինչ, ինչը ազգային նկարագիր ունի: Չգիտեմ՝ գուցե կա դրսից պարտադրանք, բայց այն, ինչ ազգային է, չի հովանավորվում: Լսե՞լ եք, որ բանակում կա ազգային գաղափարախոսություն, ի՞նչ զինվոր է ուզում կերտել Հայկական բանակը, ազգային նկարագրի հետ կապ ունեցող որեւէ բարձրաձայնում չկա: Սա պարտադրանք է արտաքի՞ն քաղաքականությունում, թե՞ ներքին ցանկությունն է, որպեսզի հեշտ կառավարելի հասարակություն լինի՝ չգիտեմ, բայց կա ազգայինի վակուում: Իսկ Րաֆֆին ասում էր՝ «Հայրենաճանաչ չլինելով՝ հնարավոր չէ հայրենասեր լինել»: Նժդեհն ասում էր՝ «Փոքր ազգերը ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ առավել, քան բոլորը: Հայրենասիրությամբ են ելնում ազգերը, ընկնում՝ նրա պակասից: Այսինքն՝ պետք է հասկանանք՝ այս փոքրիկ պետությունը այլ ճանապարհ չունի, քան հայրենասիրությունը: Ի վերջո կարելի է գնալ Վալոդի մոտ, քո մարտական ընկերոջը սրտացավ մոտեցում ցույց տալ, հետաքրքրվել՝ ինչպե՞ս է: Շատ դեպքերում թերուս պաշտոնյաների կողմից դա ընկալվում է՝ ով նրանց հետ է, իրենց դեմ է, բայց չէ՞ որ Վալոդը ասֆալտի ֆիդայի չէ, նրա ռազմական ուղին բոլորը գիտեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես, միշտ էլ հիացել եմ պարոն Գինոսյանի հայրենասիրական գաղափարներով: Այսօր էլ կիսում եմ նրա տեսակետը… Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031