Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի տանն անգամ աթոռ չկար

Մայիս 29,2013 14:39

Նախկին ազատամարտիկն իր 6 անչափահաս երեխաների եւ կնոջ հետ ապրում է տնակում

Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Ստեփանյանի տնակը Մեծամոր քաղաքի ծայրամասում է: Արթուրի ամենամեծ դուստրն ամուսնացած է, ապրում է Երեւանում, իսկ ինքը՝ կնոջ եւ վեց անչափահաս երեխաների հետ, 8 տարի է, ինչ բնակվում է տնակում: Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն ու գիշերօթիկ դպրոց են հաճախում: Տնակի ամենամեծ սենյակը ծառայում է ե՛ւ որպես հյուրասենյակ, ե՛ւ ճաշասենյակ, ե՛ւ ննջասենյակ: Սենյակի հատակին խաղալիքներով խաղացող երեխան՝ Վարդանը, ընդամենը 11 ամսական է. նա տան երեխաներից ամենափոքրն է: Նայելով հատակին անհոգ խաղացող որդուն՝ հայրը՝ Արթուրը, հպարտորեն ասում է. «Իմ զոհված ընկերոջ անունն եմ դրել»:

Ստեփանյանների տանը սեղանից, բազմոցից եւ մանկական օրորոցից բացի՝ գրեթե ոչինչ չկար: Տանտիկինը՝ Արեւիկը, մեզ առաջարկելով նստել, հանկարծ նեղսրտած հիշեց. «Վա՜յ, աթոռ էլ չունենք, որ նստեք»:

Արթուրի պատմելով՝ Ղարաբաղում ամեն տեղ կռվել է, բացի Շուշիից: Նրա խոսքերով. «Ղարաբաղում ես «ռազվեդկի» պետ եմ եղել: Մանվել Գրիգորյանի, Լեոնիդ Ազգալդյանի ջոկատներում եմ կռվել: Մանվելի ջոկատում որպես տանկիստ եմ եղել»:

Արթուրը պատերազմում երեք անգամ «կոնտուզիա» է ստացել, սակայն չի կարողանում երեխաներին թողնել, որ գնա գոնե համապատասխան բուժում ստանա: «Ամեն մանրուքից շուտ բորբոքվում եմ: Ասում են՝ պիտի գնաս հոգեբուժարան պառկես, ես էլ չեմ ուզում: Էսքան երեխա ունեմ, մի բան սրսկեն, հիվանդանամ, ո՞վ է նրանց տերը»,- իր մտահոգությունը հայտնեց վեց անչափահաս երեխաների հայրը: Տիկին Արեւիկը նույնպես դեմ է, որ ամուսինը հոգեբուժարանում բուժվի:

Արթուրի խոսքերով՝ նյարդային վիճակի հետ կապված մի միջադեպ անցած տարի է եղել. երբ անհրաժեշտ փաստաթուղթ տալու համար բժիշկը նրանից 50 հազար դրամ գումար է պահանջել, Արթուրը չի դիմացել. «Բժշկի դոշերից բռնեցի, խփեցի պատին, ասի՝ քեզ ինչի՞ պիտի փող տամ»:

Բժշկի հետ այդ հանդիպումից հետո Արթուրը, ինչպես ինքը նշեց, հիասթափվել է ու հուսահատվել եւ այլեւս չի հավատում, որ իրեն նորմալ կսպասարկեն:

Ազատամարտիկը չի աշխատում, ընտանիքն էլ թոշակի ու նպաստի հույսին է:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031