Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Մարկարովը՝ Ադրբեջանի պատրաստակամության մասին. «Դա երկխոսությո՞ւն է, թե՞ թաքնված մութ նպատակներ» (Տեսանյութ)

Մայիս 29,2013 14:36

«Խնդիրներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն պիտի ստանա իր ներկայությունը բանակցային սեղանի շուրջ, ինչքանով է դա հնարավոր, արդեն հարց է»,-«Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նա մասնավորապես անդրադարձավ այն հարցին, թե ինչ դրական ու բացասական կողմեր ունի այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ շոշափվել է ստատուս քվոյի հարցը: Ա. Մարկարովը նշեց. «Հետաքրքրական է ՌԴ ԱԳ նախարարի՝ ստատուս քվոյի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունը: Այն դրական է այն տեսանկյունից, որ ներկայիս դե ֆակտո ԼՂՀ անկախության պայմաններում գործ ունենք մի սերունդի հետ, որը բացարձակ տեղյակ չէ՝ ինչ է Ադրբեջանը և չի պատկերացնում իրեն Ադրբեջանի կազմում: Եթե դե ֆակտո կարգավիճակ ընդունենք այն իրավիճակը, որ ԼՂՀ պետականությունը կայացած փաստ է, ապա ստատուս քվոյի հարցում կան դրական էլեմենտներ: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանում ձևավորվել է մի սերունդ, որը ԼՂՀ-ն չի տեսել իր կազմում և չի էլ պատկերացնում: Բայց ստատուս քվոն պետք է ստանա դե յուրե ամրապնդումը: Այս տեսանկյունից ստատուս քվոյի շեշտադրումը կարող է բացասական լինել, եթե դե ֆակտո իրավիճակը չստանա իր դե յուրե կարգավորումը: Հակառակ դեպքում ստատուս քվոն անընդունելի կարող է լինել կողմերի համար»:

Պարոն Մարկարովը խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման մասին՝ նշեց, որ համանախագահները դեռ նոր բան չեն առաջարկել: Հարցին՝ արդյոք հայ-ռուսական հարաբերությունները չե՞ն ընթանում վատթարացման ուղիով, պարոն Մարկարովն այսպես պատասխանեց. «Այդ հարցը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, մշակութային և դիվանագիտական տեսանկյունից: Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ն որոշ իմաստով զիջման է գնացել, քանի որ գազի սակագինը թանկացրել է  միայն 2013-ին և ոչ ավելի շուտ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանը, որը միշտ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տարել է փակուղի, հիմա՝ նախագահական ընտրությունների նախաշեմին հարցի լուծման պատրաստակամություն է ցուցաբերում, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները միշտ ցույց են տվել իրենց անպատրաստ լինելը՝ գնալ բանակցությունների: Արդյոք հիմա Ադրբեջանը պատրա՞ստ է դրան, արդյոք  դա հերթական ձևականությո՞ւնն է, դա երկխոսությո՞ւն է, թե՞ թաքնված մութ նպատակներ»:

Անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի հայտարարությանը, թե ցանկանում է Ադրբեջանի նախագահ դառնալ: Ա. Մարկարովը կարծում է, որ այդ հարցին պետք է խորը մոտենալ, գտնել այդ հայտարարության պատճառներն ու հասկանալ, որ շարունակություն չի լինելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031