Հայաստանի վարչական դատարանում ավարտվեց Արա Նալբանդյանի գործով դատական նիստը: Նա հայց էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ: ՄՊԾ-ն որոշում էր կայացրել Արայի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին:
Դատավարությունն անցկացվեց դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ: Դատական նիստին ՄՊԾ-ից՝ որպես պատասխանող կողմ, ներկա էր Ռուզաննա Պետրոսյանը: Արայի՝ որպես հայցվորի ներկայացուցիչն էր Աշխեն Եսայանը:
Աշխեն Եսայանը ներկայացրեց իր ամփոփիչ ճառը: Նա ներկայացրեց այն բոլոր փաստարկները, որոնք առկա են՝ Արային Հայաստանում փախստական ճանաչելու վերաբերյալ: Դատավոր Սամվել Հովակիմյանն ամփոփիչ ճառը ներկայացնելու իրավունքը տվեց պատասխանող կողմին՝ Ռուզաննա Պետրոսյանին, ով չցանկացավ այն ներկայացնել բանավոր ընթացակարգով: Ռուզաննա Պետրոսյանն իր հետ բերել էր Արայի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման համար հիմք հանդիսացող բոլոր փաստարկները, որոնց մեջ էին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի գրությունը, որով տեղեկացնում էին Արա Նալբանդյանին, որ վարչական վարույթ է հարուցվել նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին, ՊՈԱԿ-ի տնօրեն Մանուկյանի գրությունը՝ ուղղված Գագիկ Եգանյանին, որին էլ կից` ընտանիքի կազմի մասին տեղեկանքը, Արայի ծննդյան վկայականի պատճենը, փախստականի ընտանիքի վկայականի պատճենը, ինչպես նաեւ Արայի հարցաթերթիկը: Ի դեպ, Արայի մասին հարցաթերթիկը չընդունվեց դատարանի կողմից, քանի որ այն գրված էր ռուսերեն, իսկ դատավորը հիշեցրեց, որ ՀՀ դատարանը, բացի պետական լեզվից՝ հայերենից, այլ լեզուներով բերված տեղեկանքները չի ընդունում որպես փաստ, քանի որ այն օտարալեզու է եւ տեղեկացրեց, որ այդօրինակ տեղեկանքները դատարանի կողմից ընդունվում են միայն հայերեն թարգմանությունից հետո:
Դատարանը վերադարձրեց պատասխանող կողմին Արայի մասին հարցաթերթիկը:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Արայի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական նիստն անցած անգամ հետաձգվել էր հենց այն պատճառով, որ պատասխանող կողմը պետք է ներկայացներ Արայի փախստականի կարգավիճակը դադարեցնելու համար հիմք եղած բոլոր փաստերը: Աշխեն Եսայանն ամփոփիչ ճառը ներկայացնելու ժամանակ շեշտեց հատկապես այն փաստը, որ պատասխանող կողմն արտահայտել էր, թե. «Արային տրամադրված փախստականի վկայականի հարցում ՄՊԾ-ն ոչ մի սխալ չի կատարել, այլ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից է եղել սխալը, եւ իրենք են Արային տրամադրել այդ վկայականը»: Ա. Եսայանն ընդգծեց, որ ԱՎՎ-ի կողմից Արային տրամադրվել է փաստաթուղթ` Միգրացիոն պետական ծառայության կայացրած որոշման հիման վրա, իսկ առանց որի` ԱՎՎ-ն չէր կարող տրամադրել փախստականի վկայական:
Արայի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով վճիռը կհրապարակվի հունիսի 1-ին, իսկ մինչ այդ, Արայի մայրը՝ տիկին Լուսյան, հայտնեց իր անհանգստությունները. «Մեզ համար շատ դժվար է: Արաս սովորել էր ուզում, որի համար էլ ընդունվեց համալսարան: Մեկ ու կես տարի դասի գնալուց հետո, չկարողանալով վարձավճարը մարել, տարկետում վերցրեց, սակայն միգրացիան կարող էր աջակցել տղայիս՝ որպես փախստական, չէ՞ որ նա փախստական է: Վարձավճարից 20% զեղչ էին արել, այն էլ նրա համար, որ ոչ թե փախստական ենք, այլ՝ միայնակ մայր եմ: Հիմա էլ աջակցելու փոխարեն` կանգնեցրել են անհիմն փաստի առաջ, որի սխալ որոշման համար ապացուցելու պետք ունենք…Հիմա թող ինձ պատասխանեն, թե այդ ինչպե՞ս են տվել տղայիս փախստականի վկայական, երբ նա 16 տարեկան էր եւ այդ ի՞նչ եղավ, որ հանկարծ որոշեցին այդքան տարիներ հետո դադարեցնել կարգավիճակը: Չէ՞ որ մենք իրենցից այդ կարգավիճակը չենք խնդրել, այլ հենց իրենք են տվել»:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ