Շվեդ լրագրող Պեր Էներուդը՝ Շվեդիայի եւ իր լրագրողական փորձառության մասին
Շվեդ լրագրող Պեր Էներուդը 15 տարի աշխատել է Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունում, եղել է ՌԴ-ում վերջինիս թղթակիցը, աշխատել Մոլդովայում, Պաղեստինում եւ այլուր: Օրերս նա Վրաստանում վարում էր «Մամուլը եւ իշխանությունը» թեմայով միջազգային լրագրողական սեմինար, որը նախաձեռնել էր Fojo Media Institute-ը:
Պերի ձեւակերպմամբ, մամուլը պետք է հանդիպման վայր լինի բոլորի համար, եւ այդ առումով կարեւորվում է նրա դերը:
Ներկայացնելով շվեդական ԶԼՄ-ները, Պեր Էներուդը նշեց, որ իր երկրում TV-ին սնվում է գովազդներից, նույնը ինտերնետային եւ անվճար տպագիր թերթերը: «Օրինակ՝ այն քաղաքում, որտեղ ես եմ ապրում, ընդամենը 50000 բնակիչ կա, տեղական թերթն էլ 10000 տպաքանակով է լույս տեսնում, ու քանի որ տպագրության շատ լավ որակ ունենք, գովազդային հիմունքներով այլ կազմակերպությունների համար նյութեր, բրոշյուրներ ենք տպագրում: Իհարկե Շվեդիայում քաղաքական նախասիրություններով հովանավորներ էլ կան, բայց լրատվամիջոցը պետք է ապահովի բազմակողմանիություն եւ անաչառություն: Ինչ վերաբերում է մեր հանրային հեռուստատեսությանը, ամեն բնակիչ վճարում է գումար ոչ թե պետությանը, այլ հեռուստատեսությանը: Իհարկե դժվար է հեռուստադիտողին ստիպել վճարել գումար մի բանի համար, որը այլ ալիքներ ցուցադրում են բացառապես անվճար: Բայց վճարելով այդ գումարը, դու կարող ես հանրայինին հաղորդակից լինել այլ երկրում, եթե ձեռքիդ տակ կա որեւէ սարք, հեռախոս, պլանշետ»:
Կարդացեք նաև
Շվեդ լրագրողի ասելով, հանրայինը ստիպված է ցուցադրել այնպիսի բաներ, որոնք հեռուստադիտողին «կստիպեն» վճարել տարեկան 230 եվրո. «Հանրայինը պետք է ապահովի բազմակարծություն, հասանելի լինի ողջ երկրի տարածքում, լինի այնքան մատչելի, որ մատուցող տեղեկատվությունը կարողանան ընկալել անգամ ոչ բարձրագույն կրթությամբ մարդիկ»:
Պերի ասելով, Շվեդիայում գործում է 3 հանրային լրատվամիջոց՝ Հանրային հեռուստաընկերություն, Հանրային ռադիո եւ Հանրային ուսուցողական ալիք: Կանոնադրությամբ հեռուստադիտողից նրանց բյուջե գնացող ֆինանսական հոսքերը վերահսկվում են պառլամենտի կողմից, պառլամենտը, սակայն, վերահսկում է միայն գումարները, բայց ո՛չ երբեք բովանդակությունը: «Հանրայինը չպետք է քարոզի ո՛չ դեմոկրատական գաղափարներ ու անհանդուրժողականություն, այն պետք է ցուցադրի նյութեր՝ ողջ երկրի մասին ու հեռարձակվի ողջ երկրում եւ չբավարարվի միայն Ստոկհոլմով: Դրա համար 27 տարածքային խմբագրություններ ունենք»,- հավելեց նա:
Պեր Էներուդի խոսքով, եւ հանրային, եւ կոմերցիոն TV-ները, ելնելով արտոնագրի պահանջներից, պարտավոր են մանկական հաղորդումներ ցուցադրել, ինչը շահութաբեր չէ, բայց պարտադիր է, պետք է հաղորդումներ լինեն բոլոր տեսակի փոքրամասնությունների մասին՝ սեռական, կրոնական եւ այլն, պարտադիր 5 րոպեանոց սոցիալական գովազդ լինի, օրինակ հետեւյալ թեմայով՝ հարբած ղեկին նստելը վտանգավոր է:
Տեղեկացանք, որ Հանրային ալիքով գովազդներն արգելված են: Ըստ շվեդ լրագրողի, օրինակ, եթե Volvo-ն օլիմպիական խաղերի հեռարձակման հովանավորն է, ընդամենը պետք է ասվի այդ մասին, բայց մեքենան ցուցադրելու իրավունք չունեն:
Պեր Էներուդը նշում է, որ իրենց երկրի TV-ում աշխատող լրագրողի համար էական չէ, թե ով է հեռուստաընկերության կառավարման խորհրդում. «Իմ շեֆը իմ խմբագիրն էր: Նա ինձ համար Աստված էր եւ ամեն ինչ»:
«Առավոտը» հետաքրքրվեց Շվեդիայում տպագիր լրատվամիջոցների ճակատագրով եւ հարցրեց՝ կա,՞ արդյոք, ընթերցելու ճգնաժամ:
«Տպագիր թերթերի տպաքանակները խիստ ընկել են, նրանք ստիպված են կրճատել աշխատակիցներին, մինչդեռ 20 տարի առաջ բոլորը կարդում եւ ավելի վստահում էին տպագիր ԶԼՄ-ներին: Անձամբ ես կարծում եմ, որ ապագան տեքստային ռադիոյինն է, ուր, բնականաբար, վիդեոներ էլ կան»,- պատասխանեց նա: Պերը բերեց օրինակներ օրվա ամենակարդացված նյութերից. օրինակ՝ մի թերթի ամենակարդացված նյութն այն մասին էր, որ ըստ որոշակի ուսումնասիրությունների, Շվեդիայի պատմության մեջ բնակչությունը երբեք այսքան քիչ սեքս չի արել:
Շվեդական առցանց ԶԼՄ-ների մեծ մասը փակել է մեկնաբանություն անելու հնարավորությունը, որովհետեւ, Պերի ասելով, ԶԼՄ-ն օրենքով պատասխանատու է իր նյութերի հետ կապված մեկնաբանությունների համար:
Տեղեկացանք, որ Շվեդիայում 4 համալսարաններում գործում են ժուռնալիստիկայի ֆակուլտետներ եւ փոքր կուրսեր՝ այլ համալսարանների սոցիոլոգիայի եւ իրավագիտության բաժինների ներսում:
Ըստ մեկ այլ սոցհարցման, որ անցկացվում է 5 տարին մեկ՝ լրագրողների շրջանում, պարզվում է, որ 20 տարի առաջ Շվեդիայում լրագրությունը ավելի «տղամարդկային» մասնագիտություն էր, իսկ հիմա, շատ կանայք են ոլորտում ներգրավված: Շվեդիայում «մաքուր» լրագրողը գուցե աշխատանքային կենսագրության սկզբում տաքսու վարորդ է աշխատել, պահակ եւ այլն, հետո նոր աստիճաններով բարձրացել ու դարձել լրագրող: Այս երկրում էականը գրելու ձիրք ունենալն է: Շվեդ լրագրողների 2 տոկոսն անգամ միջնակարգ կրթություն չունի: Ձեւական պահանջներ ու արտոնագիր չկա՝ լրագրող աշխատելու համար: Ի դեպ, Շվեդիայում բացակայում է հոնորարային համակարգը, լրագրողները ստանում են կոնկրետ աշխատավարձ, որը ժամանակի ընթացքում կարող է բարձրանալ;
Ըստ սոցհարցումների, լրագրողների 64 տոկոսը սիրում է խմել, մեծամասնությունն ապրում է խոշոր քաղաքներում, 74 տոկոսը սիրում է բանավիճել քաղաքական գործիչների հետ, 82 տոկոսի կարծիքով՝ ժուռնալիստիկայի խնդիրն է հետաքննել հանրային իշխանությունը, քանի որ շվեդ լրագրողն իրեն ընկալում է իբրեւ հետաքննող օղակ, ոչ թե ընդդիմադիր մարմին. «Օրինակ, եթե որեւէ քաղաքական գործիչ մեծ փողերով գնա հասարակաց տուն, դա հաստատ կլինի նրա պաշտոնի վերջը, որովհետեւ մամուլը հաստատ կգրի այդ մասին: Նման մի քանի դեպք արդեն եղել է»:
Պերի ձեւակերպմամբ, իսկական լրագրողը պետք է լինի պատկերավոր ասած՝ նվագախումբ՝ մեկ մարդու համար:
Լրագրողի կարծիքով, օրինակ, նախկին խորհրդային երկրների ԶԼՄ-ներում անընդհատ զգացվում է լրագրողի եսը, իսկ Շվեդիայում լրագրողն «անտեսանելի» է սեփական նյութում:
Շվեդիայում մայրաքաղաքային լրագրողները ստանում են ամսական 3950 եվրո, իսկ լրագրողի միջին աշխատավարձն ընդհանրապես 3450 եվրո է: Այստեղ լրագրողը ստանում է բանակի սպայի, բուժքրոջ կամ ուսուցչի չափ աշխատավարձ, փաստաբանն ավելի բարձր է վաստակում՝ 4870, իսկ թոշակառուն՝ 1720 եվրո:
Ըստ Պեր Էներուդի, շվեդական ժուռնալիստիկան մոտ է սոցիոլոգիային: Նա մի բան էլ է նկատել. «Սովետական ժուռնալիստական դպրոցը հանճարեղության հնարավորություն էր տալիս: Օրինակ՝ Անատոլի Ռուբինովը ժամանակին անգամ գրաքննության պայմաններում «Լիտերատուրնայա գազետայում» շատ սուր քննադատում էր սովետական իշխանությունը, բայց ոչ ոք չէր հասկանում, ու այս ամենով հանդերձ, բոլորի համար նա հայտնի մարդ էր»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Թելավի-Թբիլիսի-Երեւան
«Առավոտ» օրաթերթ