Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հունիսմեկյան հյուրախաղերի տոմսերը, ըստ թատրոնի կայքի, սպառվել են, ինչից կարելի է ենթադրել, որ պետերբուրգցիները մեծ ակնկալիքներով են սպասում հայ արտիստներին: Ազգային օպերային թատրոնից տեղեկացանք, թե Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, որը ղեկավարելու է մեր թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, բեմ կբարձրանա 13 մեներգիչ՝ կարիերան նոր սկսող երիտասարդ արվեստագետներից մինչեւ ճանաչված անուններ Անահիտ Մխիթարյան ու Բարսեղ Թումանյան:
Երեւանի օպերային թատրոնը ողջ կազմով առաջին անգամ Մարիինյան թատրոն հյուրախաղերի է մեկնել 1956թ.՝ ներկայացնելով Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ- Բեկ» օպերաները եւ Գրիգոր Եղիազարյանի «Սեւան» բալետը: Մեր թատրոնի երկրորդ այցը Մարիինյան՝ արձանագրված է 1977թ.: Այդ տարի դարձյալ ողջ կազմով ներկայացվել է Տերտերյանի «Կրակե օղակ» եւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերաները: Հիշյալ թատրոնում շուրջ 5 տարի տարբեր դերերգերով փայլել է անվանի տենոր Գեղամ Գրիգորյանը, տարբեր տարիների ներկայացումներում գլխավոր դերերգերի համար հրավիրվել են Գոհար Գասպարյանն ու Ֆեոդոր Օհանյանը, իսկ դիրիժոր Յուրի Դավթյանը ժամանակին ռեժիսոր Կապլանի հետ իրականացրել է Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը»: Նոր ժամանակներում էլ Կարեն Դուրգարյանը Մարիինյան թատրոնի «տեր ու տիրական», աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի հրավերով, խորեոգրաֆ Վյաչեսլավ Խոմյակովի հետ 3 տարի առաջ վերականգնել են 1956թ. Յակոբսոնի բեմադրությամբ Խաչատրյանի «Սպարտակը»:
Որքան էլ մշակութային տարբեր ձեռնարկների իրականացման գործում հաճախ շեփորվում է երկրների համագործակցության մասին, այնուամենայնիվ, գրեթե բոլոր նման ծրագրերը իրականանում են արվեստագետների անձնական կապերի շնորհիվ: Ասվածի առիթով, «Առավոտի» հետ զրույցում, Կարեն Դուրգարյանն ասաց, որ հայ օպերային երգիչների մասնակցությամբ Մարիինյան թատրոնում հունիսի 1-ի համերգը անցկացվում է Գերգիեւի հիմնած «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային փառատոնի շրջանակներում: «Այս տարի լրանում է մեր թատրոնի 80-ամյակը, հետեւաբար խնդրել էի Գերգիեւին, որ տասնյակ տարիների ընդմիջումից հետո հայ անվանի օպերային երգիչներն ու նոր սերնդի ներկայացուցիչները հանդես գան աշխարհի լավագույն թատրոններից մեկում՝ Մարիինյանում: Անխոս, անձնական կապերը մշակույթի ոլորտում էլ գլխավոր դերակատարում ունեն, սակայն անհրաժեշտ գործոն է միջազգային շուկա մուտք գործելը: Փաստորեն, հունիսի 1-ի համերգով յուրատեսակ հիմք ենք դնում: Վստահ եմ մեր թատրոնի երգիչների հնարավորություններին, սակայն պետք է գիտակցել, որ համերգի հաջողությունը միայն հանդիսատեսի «բրավոները» չեն, այլ դրա հետեւանքը. օրինակ՝ երազում եմ, որ երեկոյից հետո մեր երիտասարդ երգիչներից ոմանք Մարիինյան թատրոնի ակադեմիայում վերապատրաստվելու կամ այլ հրավերներ ստանան»,- ասաց դիրիժորը:
Ակնկալելով, թե Գերգիեւ-Դուրգարյան բանակցությունների արդյունքում առաջիկայում կլինեն նոր նախագծեր եւս, խնդրեցինք խոսել դրանց մասին: «Ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանը հունիսին Կազանում Շալյապինի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա Նաբուկոյի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում: Այդ փառատոնում ես Չայկովսկու «Եվգենի Օնեգին» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաները ղեկավարելու հրավեր ունեմ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նա շեշտեց, որ մեր օպերային արվեստը «արտահանելու» ժամանակն է:
Հիշեցնելով վերջերս «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային փառատոնի շրջանակներում Կազանում Ռ. Նուրիեւի անվան միջազգային բալետային փառատոնի օրերին իր ղեկավարած Ադանի «Ժիզել» եւ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումների մասին, հետաքրքրվեցինք, թե ինչ է արվում մեր թատրոնի բալետային «մասով»: «Փառատոնի կազմակերպիչները հետաքրքրված են հայ բալետի արտիստներով եւ ամենակարեւորը՝ ցանկություն ունեն նրանց տեսնել փառատոնում: Վստահ եմ, որ դա առաջիկայում տեղի կունենա»,- պատասխանեց Կարեն Դուրգարյանը, հավելելով, որ Գերգիեւը համակրում է հայ արտիստներին: Նրա համար ցանկալի հյուր են ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը, Նիկոլայ Մադոյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ մյուսները, իսկ զրույցներից մեկում էլ արտահայտվել է, թե շատ է ուզում Մարիինյանի «Սպարտակը» ներկայացնել Խաչատրյանի հայրենիքում:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելով՝ արվեստագետն ասաց, թե իսկապես երազում է Սանկտ Պետերբուրգում Յուրի Տեմիրկանովի հիմնած «Արվեստների հրապարակ» փառատոնի օրինակով Երեւանում անցկացնել «Թատերական հրապարակ» փառատոն, ինչով գուցե վերջ կդրվի ցույցերին ու միտինգներին եւ հրապարակը «կվերադարձվի» թատրոնի մարդուն ու թատերասերին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Կ. Դուրգարյանն ու Վ. Գերգիեւը:
«Առավոտ» օրաթերթ