Անկախությունից անմիջապես հետո, երբ խզվեցին տնտեսական ու քաղաքական կապերը նախկին պետության երկրների հետ ու դրան գումարվեցին արդեն եղած երկրաշարժի, այնուհետեւ պատերազմի հետեւանքները, երկիրը բոլոր առումներով հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում, այդ ժամանակ ամիսներ շարունակ կառավարությունը գերխնդիր էր դարձրել քաղաքների, փողոցների, գյուղերի ու ավանների անվանումների փոխումը, արձանների հեռացումը, բուհերի ու դպրոցների անուններից Խորհրդային Միության հայտնիների անունները հանելը, կինոթատրոններն ու հրապարակները անվանափոխելը։ Ճիշտ այսպես. «Նավը խորտակվում է, իսկ անձնակազմը, նստած, նրա ներքին ձեւավորման վրա է աշխատում»։ Խորհրդարանը, բան ու գործ թողած, ամիսներով «նստած էր անունների վրա»։ Շառլ Ազնավուրը իր վերջերս տված հայտնի հարցազրույցում, անդրադառնալով ցեղասպանություն բառին, ասել է. «Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են»։ Ձեւական կողմը գերխնդիր դարձրած մեր ղեկավարությունն, ավաղ, սկզբից ի վեր միայն զբաղված է քանդելով հինն ու նորը չկառուցելով։ Քանդում է, քանի որ դա կոմունիստական սխալ բարքերի մնացուկ է, չի կառուցում, քանի որ ունի լուրջ «արդարացում». երկիրն աղքատ վիճակում է, բյուջեում գումարներ չկան։ Ցավոք, մեր դարերով եկած քաղաքակրթությունն ու շինարար ազգ լինելը լոզունգ դարձրած մեր երկրի մանուկն անգամ մեծանում է այդ գիտակցությամբ. պարծենալ ծագումով, քարկոծել եւ քանդել հինն ու ոչինչ չկառուցել։ Այսօր հերթը հասել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Չէ, ինչո՞ւ այսօր, նրա գլխին սուրը կախվեց անկախացման հենց առաջին տարիներից սկսած արդեն, երբ մի հրամանով ակադեմիկոս դարձան բոլոր թղթակից անդամներն, ու հետո էլ կազմը կրկնապատկվեց։ Գուցե չգիտակցվե՞ց, թե դեպի ուր է տանում այդ քաղաքականությունը։ Ո՛չ, շա՛տ լավ գիտակցվեց… դա ափերից հանեց պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին։ Նա սկզբում անզիջում պայքարեց՝ ասելով՝ դուք գիտակցված փչացնում եք ակադեմիան, այնուհետեւ դիմում գրեց՝ հրաժարվելով պրեզիդենտությունից ու ակադեմիկոսի կոչումից։ Արժանավորների կողքին բարձր կոչումներով հայտնվեց միջակությունն ու դարձավ հետագայի համար հարմար փաստարկ՝ մատնացույց անելու «ակադեմիական ոչինչ չանող ծերակույտին» ու հնարավորություն ստանալ քանդելու կառույցն ու տիրանալու գիտահետազոտական ինստիտուտներին կամ ավելի ճիշտ՝ ինստիտուտների համալիր շինություններին ու հողերին։ Ինչպես որ դարեր շարունակ եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերն են եղել ամենալավ դիրքում ու ամենագեղեցիկ վայրում, խորհրդային աթեիստական իշխանությունն այս անգամ կրթության տաճարների ճարտարապետական տեսքին ու վայրին էր մեծ կարեւորություն տվել։ Ավաղ, այդ քաղաքականությունն էլ պատճառ է դարձել, որ այսօրվա օլիգարխները դրանց դիտեն՝ որպես հարմար «օբյեկտացուների» ու ջանք ու փող չխնայեն՝ տիրանալու։ Ընդունելով հանդերձ Խորհրդային պետության հանցագործ կողմերը, իրավունք չունենք չխոստովանելու, որ նա՝ Հայրենականից հետո ոտքի կանգնելու ճանապարհը գիտությանը զարկ տալու մեջ տեսավ։ Գաղտնիք չէ, թե ինչ անխնա ձերբակալությունների ու կոտորածի ենթարկվեց ինտելիգենցիան խորհրդային կարգերի հաղթանակից հետո։ Դրա ավելի ահավոր փուլը հայտնի 1937 թիվն էր։ Երկրորդ համաշխարհայինի նախօրեին համատարած ձերբակալման, աքսորի ու մահապատժի էր ենթարկվում երկրի գաղափարական սերուցքը։
Կա մի հայտնի պատմություն. Պ. Լ. Կապիցան, օգտվելով իր՝ քաղաքացիական անկախ կարգավիճակից, նամակ գրեց Ստալինին, ասելով, որ պետք է ազատ արձակել Լանդաուին եւ այլ հայտնի գիտնականների։ Այդ չլսված համարձակությունը պատճառ եղավ, որ նրան հրավիրեն Կրեմլ։ Զրույցի ժամանակ, երբ Մոլոտովը բազմիմաստ հարց տվեց նրան՝ Դուք գիտե՞ք, թե այստեղից ուր կարող եք գնալ։ Նա հանդուգն պատասխանեց՝ իհարկե գիտեմ՝ տուն, հարցին, թե ինչո՞ւ է այդպես համոզված, նա պատասխանեց՝ շուտով երկիրը կմտնի պատերազմի մեջ, ու ձեզ պետք կգան Լանդաուն, մյուս գիտնականները, ե՛ս։ Դուք դա չեք կարող չգիտակցել։ Իհարկե, նրանք գիտակցում էին ու ավելի խորը գիտակցեցին պատերազմի հենց առաջին թափից, երբ կորցրին համարյա ամբողջ ռազմական ռեզերվը։ Իհարկե, Ստալինն ու Բերիան բարությունից չէր, որ անմիջապես բանտերից ու աքսորավայրերից ազատեցին բոլոր Լանդաուի ու Կորոլյովի նման մարդկանց եւ նույնիսկ շտապ հրամաններով հետ բերվեցին նրանք անգամ, ովքեր գնդակահարության էին դատապարտված։ Գիտնականները ոչ միայն անցան ստեղծագործ աշխատանքի, այլեւ նրանց համար ստեղծվեցին ամենալավ պայմանները։ Գիտության դոկտորի աշխատավարձը սահմանվեց ավելի բարձր, քան ստանում էր նախարարը։ Դե իհարկե բարությունն ու գիտնականի հանդեպ ունեցած հարգանքը չէր պատճառը, այլ գիտակցությունը, թե ուր է հասցրել գիտության անտեսումը։ Հաղթանակի եւ հետպատերազմական երկիրը ոտքի հանելու գրավականներից էր դա ու համաշխարհային գերտերություն դառնալու կարեւորագույն գրավականը։
Եվ հենց Ստալինգրադյան դաժան ճակատամարտի տարում, Կուրսկի ահեղ ճակատամարտին նախապատրաստվելու շրջանում բացվեց Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիան՝ 1943 թ. նոյեմբերի 10-ին։ Պրեզիդենտ դարձավ հիմնադիրներից մեկը՝ Հովսեփ Օրբելին։ Արագ ստեղծվեց կազմ, որտեղ տեղ գտան առաջին ակադեմիկոսներ Հ. Օրբելին, Վ. Համբարձումյանը, որքան էլ զարմանալի լինի՝ Ավ. Իսահակյանը, Ա. Տերտերյանը եւ այլք։ Պատերազմող երկիրը սեւեռվեց գիտությունն ու կրթությունը զարգացնելու վրա. բացվեցին բազմաթիվ բուհեր, նոր ֆակուլտետներ, դպրոցներ, որոնցում՝ պարտադիր ուսուցում։ Անձամբ Լավրենտի Բերիայի «ատրճանակի հսկողությամբ» անթերի սկսեց աշխատել կրթության համակարգը, գրվեցին դասագրքեր, բուհերում ու դպրոցներում դասավանդել սկսեցին ամենալավ մասնագետները։ 44-ին առաջ քաշվեց հայտնի «Ռուսական ատոմային ծրագիրը» եւ ստեղծվեց խորհուրդ, որի մեջ էր Աբրահամ Ալիխանովը, ով բացեց Տիեզերական ճառագայթների հետազոտման կայանն Արագածում ու եղբոր՝ Արտեմ Ալիխանյանի հետ ստեղծեց վերջերս հիմնադրամի վերածված Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երեսուն տարում մեր՝ գիտության ոլորտում աշխարհում վերջին տեղերում գտնվող երկիրը դարձավ այդ ոլորտի առաջիններից մեկը։
Մի քանի տարին մեկ բացվում էին նոր ինստիտուտներ։ 70-ականներին մենք ունեինք ԽՍՀՄ-ում գերհզոր եւ ամբողջ աշխարհում ճանաչված ակադեմիական համակարգ։ Դա հայաստանյան գիտության ոսկե շրջանն էր։ Համբարձումյանը, չթաքցնելով հպարտությունը, հաճախ էր տարբեր առիթներով ասում, որ գիտական արդյունքով Հայաստանը Խորհրդային Միությունում գտնվում է 3-րդ տեղում, բայց բնակչության թվով տասնյակ անգամներ է զիջում 1-ին ու 2-րդ տեղերն զբաղեցնող Ռուսաստանին ու Ուկրաինային, իսկ մեկ գիտնականին ընկնող արտադրանքով գրավում է առաջի՛ն տեղը։ Դա տեղի ունեցավ պետության քաղաքականության արդյունքում։ Աշխարհը տեսավ, որ կա քարտեզի վրա համարյա չերեւացող մի փոքրիկ երկիր, որ ունի գիտական հզոր պոտենցիալ։ Բավական է՝ ստեղծել պայմաններ եւ այն կփայլի ու կարարի եւ հիմնարար, եւ կիրառական գիտությունների բնագավառում։ Աշխարհը տեսավ, բայց ավաղ, ոչ մի կերպ չի տեսնում մեր ղեկավարությունը, որը գիտության դոկտորին այսօր տալիս է վարորդից ցածր աշխատավարձ, չի տեսնում, որ՝ ինչ տեմպով հզորացել էր գիտությունը 30 տարում, այսօր նույն տեմպով հետ է գնում. այն ժամանակ ամեն հինգ տարին մեկ բացվում էր նոր ինստիտուտ ու ծաղկում, այսօր ամեն հինգ տարին մեկ քանդվում ու փակվում է ինստիտուտ ու մտնում օլիգարխիա կոչվող գազանի երախը։ Այսօր ԳԱԱ-ն միակ կառույցն է, որի համակարգում գործող գիտահետազոտական ինստիտուտները՝ չունենալով ո՛չ նորմալ ֆինանսավորում, ո՛չ ժամանակակից սարքավորումներ, տալիս են մեծ արդյունք։ Մեր ազգը հպարտանալու մի լուրջ պատճառ ունի, նա գիտությա՛ն ազգ է։ Իսկ մեր նախագահը, երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, հնչեցրեց չտեսնված ու չլսված մի միտք՝ կարծում եք լա՞վ կլինի, որ բոլորը գիտնական դառնան։ (Իմա` չե՛նք թողնելու)։
Ինտելեկտուալ մեծ պոտենցիալը առիթ է հպարտանալու եւ ոչ թե անհանգստանալու, հարգելի՛ պարոն նախագահ: Բոլորը գիտնական չեն կարող դառնալ, իսկ նրանց, ովքեր կարող են, իհարկե պետք է թողնեք, ավելին՝ պետք է ստեղծեք բոլոր պայմանները, որպեսզի զարգանա գիտությունը, հետեւաբար՝ երկիրը:
ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Լիովին համաձայն եմ Մանեի հոդվածի հետ: Այսօր բազմահազար հայրենիքը լքած հայորդիներ իրենց Հայրենիքում ձեռք բերած մտավոր գիտելիքներով իրենց տեղն են գտել տարբեր երկրների ակադեմիական եվ մտավոր մթնոլորտի այլ հիմնարկություններում, առաջին հերթին ի շնորհիվ խորհրդային շրջանի մեր Հայրենիքի գիտական պոտենցիալի: Ցավոք, իհարկե որ այդ պոտենցյալը տասնապատիկ կարող էր հարստացնել մեր Երկիրը, նրա պաշտպանունակությունը: Փոխարենը այսօր ունենք կիսագրագետ «օլիգարխների» ցոփ «հարստությունը» ի դեմս եկէղէցաշինարարության եվ քաղքենուն «զարմանք» պատճառող «փայլով»:
Փաստեր, որոնք նորություն չեն, բայց ամեն անգամ անդրադառնալիս, կրկին ու կրկին մարդ ապշում ու վիրավորվածություն է ապրում, ցավով մտածում՝ էս ի՜նչ ես դարձել ու էս վարքով ու ձևով ո՜ւր պիտի հասնես՝ դրսից ու ներսից չարչրկված երկիր մեր…
“…շուտով երկիրը կմտնի պատերազմի մեջ, ու ձեզ պետք կգան Լանդաուն, մյուս գիտնականները, ե՛ս։ Դուք դա չեք կարող չգիտակցել”։
Ստալինի և Բերիայի նման մարդակեր գազանները գիտակցեցին այդքանը, իսկ մեր ղեկավարները չեն գիտակցում, որ թշնամին չի քնում, որ պատերազմը դեռ շարունակվում է և պետք չէ այդպես շռայլորեն ցփնել և բաժանել մեր գիտական ուժը, որ պետք է պահել, պահպանել և նույնիսկ փայփայել մեր գիտնականներին: Ափսոսանք և ցավ եմ զգում այս ամենի համար: Իրոք որ ` այս ուր ենք գնում…