Ադրբեջանի ընդդիմությունը Առաջին Հանրապետության օրը հերթական անգամ ստիպված եղավ տոնել Բաքվի վարչական սահմաններից դուրս` Նովխանի արվարձանում: Այստեղ մեկ դրոշի ներքո էին հավաքվել ադրբեջանական բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերի առաջնորդները, այդ թվում վաղեմի մրցակիցներ` «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարն ու «Ժողճակատի» ղեկավար Ալի Քերիմլին:
Ակնկալվում էր, որ հենց այս հանրահավաքի ընթացքում ադրբեջանական ընդդիմությունը կհայտարարի միացյալ Ազգային խորհրդի ստեղծման մասին, որը պետք է Իլհամ Ալիեւի դեմ միավորի ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին` հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Ընդդիմության միասնական ղեկավար մարմին ստեղծելու գաղափարի հեղինակը, ի դեպ, հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովն է: Ազգային խորհրդի ստեղծման մասին հայտարարություն, սակայն, Նովխանիում կայացած հանրահավաքի ժամանակ այդպես էլ չհնչեց:
«Ազգային խորհրդի ստեղծման շուրջ բանակցություններն այս պահին էլ շարունակվում են: Այս ուղղությամբ գործի 99 տոկոսն արդեն իսկ ավարտին է հասցված, եւ առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ազգային խորհրդի ստեղծման մասին: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը ի վիճակի են խաղաղ իշխանափոխության հասնել` ալիեւյան ընտանիքը պատմության արխիվ ուղարկելով», – հայտարարում էր «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը:
«Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով էլ` Ազգային խորհուրդ անվանումը պատահական չէ ընտրված: «Առաջին Ազգային խորհուրդն էր, որ 1918-ին հռչակեց Ադրբեջանի անկախությունը: Հենց Ազգային խորհրդում միավորված ընդդիմությունն էլ առաջիկա աշնանը կհասնի քաղաքական փոփոխություններին` միավորելով ադրբեջանական հանրության լայն շերտերին», – ասաց Քերիմլին:
Չնայած ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններին, թե Ազգային խորհրդի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, հանրահավաքի մասնակիցները պարբերաբար, տարերայնորեն պահանջում էին հենց բողոքի ակցիայի ընթացքում հռչակել ընդդիմության միացյալ կառույցի ստեղծումը:
Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, միավորված կառույցի ստեղծման մասին հայտարարեց հանրահավաքի ավարտից ժամեր անց, երբ Բաքվում արդեն ուշ գիշեր էր: Որպես Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ անվանումը կրող կառույցի հիմնադիր հանդես են գալիս յոթ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում երկու խոշորագույնները՝ «Մուսավաթ»-ն ու «Ժողճակատը»: Կառույցի հիմնադիրների թվում են նաեւ Ռուստամ Իբրահիմբեկովը եւ Բաքվում վերջին ժամերին ծավալված քննարկումներին հեռակա կարգով մասնակցած խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ Միացյալ Նահանգներում բնակվող Ռասուլ Գուլիեւը:
Ընդհանուր առմամբ, ընդդիմության ստեղծած Ազգային խորհրդին արդեն իսկ անդամակցել են ավելի քան հարյուր ընդդիմադիր գործիչներ, հասարակական ակտիվիստներ եւ մտավորականության ներկայացուցիչներ:
Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան