Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտին «Դոնբաս Արենայում» կազմակերպված Դոնեցկի «Շախտյորի» մեծարման արարողության ժամանակ ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովը հայտարարեց, թե իր երազանքը «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում հաղթող տեսնելն է:
Մի քանի օր անց «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Onlinesport,ro»-ին տված հարցազրույցում այլ տեսակետ է հայտնել: Նրա կարծիքով, Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հաղթելը թիմի ուժերից վեր է եւ դրա գլխավոր պատճառը ֆուտբոլային աշխարհաքաղաքականությունն է: Խոսելով թիմի առջեւ դրված առաջադրանքների մասին՝ ռումինացի մասնագետն ասել է. «Հաջորդ մրցաշրջանում ես ցանկանում եմ հաղթել երկրի առաջնությունում, նվաճել գավաթն ու վերնագավաթը եւ աճեցնել 50 միլիոն եվրո արժեցող ֆուտբոլիստներ: Այսօրվա դրությամբ մենք չենք կարող հաղթել ՉԼ-ում: Արեւելքը մնում է արեւելք: Փող բերում են արեւմտաեվրոպական ակումբները, դրա համար էլ միջոցները մնում են արեւմուտքում: 8-9 թիմ կա, որ կարող է մտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ