Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական քարոզչամեքենային «արջի ծառայություններ» պետք չեն

Մայիս 29,2013 13:03

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի շահը Ռուսաստանի կողմից առաջարկվող Մաքսային միության կազմում ընդգրկվելու պարագայում ավելի շոշափելի կլինի, քան ԵՄ-ի հետ համագործակցության դեպքում, որը մեզ եղածից ավել բան չի առաջարկում, բայց ասում է ընտրեք: «Այսօր հայ-ռուսական հարաբերություններն են ապահովում մեր անվտանգությունը, հայ-ռուսական հարաբերություններ են ապահովում մեր էներգետիկան եւ առեւտուրը», նշել է Վ․Հարությունյանը: Ինչ վերաբերվում է Եվրոպային, ապա ըստ նրա՝ այնտեղ լուրջ առաջարկ չկա: «Եվրամիությունը չի առաջարկում Հայաստանին անդամակցել, նա չի ասում, որ Հայաստանի անվտանգությունը կապահովեմ, չկա նման խնդիր: Մյուս կողմից կա առաջարկ, մտնել Մաքսային միություն, որն ունի տնտեսական կոնկրետ առավելություններ մեզ համար»,- նկատել է նա, իսկ դիտարկմանը, թե Հայաստանը ՌԴ-ի հետ սահման չունի, հակադարձել է. «Սահման չունենք, բայց որ ասում ենք ԵՄ-ին ենք անդամակցում, նրանց հետ ավելի հեռու ենք եւ սահման չունենք»:

Դիտարկմանը՝ ՌԴ-ն իր առաջարկով չի՞ փորձում հարցականի տակ դնել Հայաստանի անկախության հարցը, Վ․Հարությունյանը հակադարձել է. «Ի՞նչ է նշանակում անկախության հարցը։ Երբ մենք Եվրախորհրդի անդամ ենք դարձել, մեր առջեւ ԵՄ-ն պահանջներ չի՞ դնում, դա անկախության կորուստ չի՞: Կորուստ է չէ՞, երբ մեզ ասում են, որ պիտի ընդունեք այս օրենքը, այս սեռական փոքրամասնություններին աջակցեք, հասկանում եք չէ՞, իսկ ՌԴ-ում նման բան չկա: ԱՊՀ երկրներում չկա որեւէ մի մարմին, որը պարտադրում է Հայաստանին օրենք ընդունել կամ այլ բաներ: Եթե օբյեկտիվ նայում ենք, որտեղ է մեր շահը, ապա այդ առումով որպես ԵՄ-ի անդամ ավելի շատ կորուստներ կունենանք»:

Վերջին օրերին ռուսամետ եւ պուտինյան Ռուսաստանի նկատմամբ իրենց համակրանքը չթաքցնող մի շարք գործիչներ նախանձելի փութաջանությամբ լծվել են հայ-ռուսական դարավոր բարեկամությունը փրկելու եւ Հայաստանը Եվրոպայի ճիրաններից ազատելու գործին: Ինչպես մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իր պատկերացումները, թե Հայաստանի զարգացման որ ուղին է իր համար նախընտրելի, այնպես էլ՝ Վաղարշակ Հարությունյանը, Աշոտ Մանուչարյանն ունեն իրենց պատկերացումները:

Սակայն զավեշտալին այն է, որ երբ նրանք փորձում են ջրի երես հանել Արեւմուտքի «արատները»՝ բացի «միասեռականների» հարցը, այլ, նրանց ընկալմամբ՝ արժեքավոր բացասական երեւույթ չեն կարողանում մատնանշել: «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի աշխարհացունց հիմնավորումները , թե ինչու պետք է Հայաստանը հեռու մնա Արեւմուտքից այս տրամաբանությամբ մեջ էին՝ «․․․երբ ասում են ձեզ ՆԱՏՕ, իմացեք LGBT-ի զինված ջոկատն է»: Փաստորեն, Վաղարշակ Հարությունյանի՝ ընդդեմ արեւմտյան գիծը մատնացույց անելու մեխը նույնպես՝ «միասեռականներն» են, (կարծես ՌԴ-ում «միասեռականներ» չկան ու չեն հեղեղել, օրինակ, այդ երկրի շոու-բիզնեսը):

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հնարավորություն ասելով, կա կոնկրետ գործընթաց՝ դա ԵՄ Ասոցացման համաձայնագիրն է, որը նախատեսվում է նախաստորագրել առաջիկա ամիսներին, այլ ոչ թե ԵՄ-ին՝ Հայաստանի անդամակցությունը, որի մասին ոչ Հայաստանի իշխանություններն են երբեւէ հայտարարել, ոչ էլ եվրոպացիներն են մեզ հրավիրում: ԵՄ Ասոցացման պայմանագիրը Հայաստանին հնարավորություն է տալու մուտք գործել ԵՄ անդամ պետությունների ներքին շուկա՝ իր արտադրանքով՝ միջազգային չափանիշներին համապատասխանող, սկսած, օրինակ՝ սննդի փաթեթավորման թղթի որակից, մինչեւ նրա՝ էկոլոգիապես մաքուր լինելը: Դրանից բխելու է՝ Հայաստանում եվրոպական օրենդրության միանշանակ կիրառում: Այլ կերպ ասած՝ մենաշնորհների վերացման սկիզբ է դրվելու, միջին բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ են բացվելու: Իսկ գուցե մեր երկրի քաղաքացիները ստիպված ոչ թե ՌԴ մեկեն եւ «էժան աշխատուժի» կարգավիճակում բնակվեն ՌԴ-ում, այլ որպես այլընտրանք արդեն եվրոպական երկրներում իրենց ուժերը փորձեն, որտեղ վստահաբար օրենքն ավելի մեծ ուժ ունի, քան այսօրվա ՌԴ-ում: Աշխարհի զարգացած ԵՄ անդամ երկները, որոնց մենք համարում են օրենքի երկրներ՝ հենց այդ շուկայում են, եւ լավ կլիներ, եթե Վաղարշակ Հարությունյանն ու Աշոտ Մանուչարյանը Արեւմուտքից Հայաստանը փրկելու հարցում այդքան պարզունակ եւ թույլ հիմնավորումներ չբերեին:

Իհարկե, կարող են անմիջապես հակադարձել Հայաստանի անվտանգության հարցում ՌԴ-ի դերը: Իսկ ի՞նչն է խանգարում, որ ՌԴ-ն դա շարունակի անել այն, ինչ անում էր մինչ այժմ: Մի՞թե Հայաստանի՝ ԵՄ ներքին շուկա մուտք գործելու հնարավորությունը դրան խոչընդոտում է: Թե՞ այլ պատճառներ կան, որոնք հարմար չեն ՌԴ այսօրվա իշխանություններին․․․

Լավ կլիներ, եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պաշտպանողները ներկայացնեին Հայաստանի շահը, կոչ անեին գործընկերային՝ հավասարը հավասարի հետ հարաբերությունները խորացնել ՌԴ-ի հետ, ոչ թե ստրկամիտ ձեւակերպումներ անեին, թե՝ եթե ՌԴ-ի հետ լավ չլինենք՝ կորած ենք: Չէր խանգարի, օրինակ, երբեմն էլ բարձրացնեին՝ «գույք պարտքի դիմաց» գործարքի արդյունքում ՌԴ-ի կողմից արած ներդրումների հարցը:

Իսկ ընդհանրապես, վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունների պաշտպանողների հիստերիան բավական տարօրինակ է, ցավալի է, բայց պետք է արձանագրել, որ նրանցից ոմանց արտահայտած մտքերին կնախանձեին նույնիսկ Ադրբեջանում: Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի գնահատականը , թե Ղարաբաղին ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, այլ սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցածրորակ սադրիչի, եթե կուզեք՝ դավաճանի հայտարարություն: Մի քանի ամիս առաջ ռուսական քարոզչական մեքենայի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Միխայիլ Լեոնտեւի գնահատականներն էին՝  գրեթե նույն ոգով, երբ նա նշեց, թե Հայաստանը ներկայումս կլիներ բարձիթողի մի երկիր, եթե չլիներ Ռուսաստանը եւ մեր գոյությունը շարունակելու համար մենք պարտական ենք Ռուսաստանին:

Ռուսական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնելուց առաջ պետք է մտածել, թե այսպիսի պահվածքով հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդվո՞ւմ են, թե՞ ավելի վտանգավոր նրբերանգներ են ստանում: Այնպես որ, ռուսական քարոզչամեքենային «արջի ծառայություններ» մատուցողները զուր ջանքեր չարժե գործադրեն: Ռուսները իրենց գործն ավելի բաց ու առանց սեթեւեթանքների են ունակ անել: Դա նրանց մոտ միշտ ավելի լավ է ստացվել: Հարակից «փրկարարական» պարզունակ ելույթները արդյունավետ չեն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Կյանքից բացարձակորեն կտրված, ենթադրություններով ու բարի ցանկություններով համեմված վերլուծական է:Աննա,Դուք ուշադրություն դարձրեք ,,…ոչ այլ ինչ է, եթե ոչ ցածրորակ սադրիչի, եթե կուզեք՝ դավաճանի հայտարարություն,, գնահատականին:Ես էլ նույն ձևով հայտարարում եմ,որ Ռոբերտ Քոչարյանի օրոք իրականացված ,,Գույք՝ պարտքի դիմաց,, ծրաքիրը դավաճանի գործառույթ էր…Հոդված գրելուց առաջ պետք էր գոնե համեմատել ռուսատանում ,,էժան աշխատուժ,, հայաստանցիների ու բուն Հայաստանի բնակիչների եկամուտների հնգապատիկ տարբերությունը՝ ի հօգուտ առաջինի…Եվս մեկ առաջարկություն.համեմատեք եվրոպայի երկրներից միասին վերցրած՝ մեկ շնչի հաշվով ուղարկված տրանսվերտներն՝ Ռուսատանից ուղարկվածի հետ ու կհամոզվեք,որ այս առումով էլ եվրոյոնջայասիրությունը միայն հեքիթային դրախտավայրի գովազդ է…

  2. Համլետ says:

    Կարծեմ նկարում ձախից՝ Պուտինն է,իսկ աջից՝ մեր նախագահական ընտրություններից առաջ նրան այցելած….
    Դա դուք ասացիք,այլ ոչ թե՝ ես…:)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031