Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանին սպասում են Կենտրոն վարչական շրջանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանները

Մայիս 29,2013 12:19

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ արդեն նշանակվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանի (լուսանկարում) վերաքննիչ բողոքի քննությունը: Բողոքի քննությունը կսկսվի հունիսի 20-ին: Հմայակ Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչը բողոք են բերել Կենտրոն եւ Նորք_Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի մարտի 11-ի կայացրած վճռի դեմ:

Հիեցնենք, որ դատարան էր դիմել «Հիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանը: Նա հայտնել էր, որ «Հմայակ Հովհաննիսյանի անպատասխանատու ու անհիմն արտահայտություններն ու հրապարակված փաստացի տեղեկությունները» արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը: Հայցվորը վկայակոչել էր մի շարք հրապարակումներ, մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթի թիվ 72 (932)-ում լույս տեսած «Հմայակի գրասենյակը խլում են» հոդվածը, ուր Հմայակ Հովհաննիսյանը ասել է.» Պրագայի հայ եկեղեցու հայրապետ հայր Բարսեղի խոսքերով ասված, Սենիկ Ջուլհակյանի հասցեին հրապարակայնորեն կատարված հետևյալ արտահայտությունները. «դա մաշեննիկ է և որևէ սեփականություն չունի: Իրեն ձևացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առևտրային ներկայացուցիչն է Սուրգուտ քաղաքում և զբաղվում է լյուստրաների վաճառքով», «Հրապարակի» հաջորդ օրվա «Տարածք» հրապարակումը, ուր Հմայակ Հովհաննիսյանն ասել է. «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տարածքն օտարվել է մի կասկածելի անձնավորության` «մաշեննիկի», որը պատրաստվում է իր ձեռքից խլել միության տարածքը»:
Մեկ այլ՝ tert.am կայքէջում էլ, որը վկայակոչել էր Ս.Ջուլհակյանը. «Քաղաքում Լիսկան է, Սենիկ Ջուլհակյանի տեսքով, չխաբվեք. Հմայակ Հովհաննիսյան» հայցվորը հրապարակման օրը տեղի ունեցած ասուլիսից է մեջբերել Հմայակ Հովհաննիսյանի մի շարք արտահայտությունները, որոնք համարել է վիրավորական եւ իր պատիվն արատավորող:

Մասնավորապես, « Լիսկան է, Սենիկ Ջուլհակյանի տեսքով», «Հայէներգոինստիտուտի» բաժնետոմսերը ձեռք գցած` իբր թե բարերար Սենիկ Ջուլհակյանը», «մյուս 3 տարածքներն արդեն ձեռք գցած չակերտավոր բարերարը ինչ-որ թուղթ է ներկայացրել», «նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում», «նախ պարբերաբար միտումնավոր ջուր բաց թողելով իրենց գլխին, ապա արդեն դիմել մինչև անգամ իր մեքենայի հետ կապված կողոպուտին, իսկ մինչև մեքենայի կողոպուտը, արդեն»: Ի դեպ, այդ օրվա ասուլիսը լուսաբանել էին մի շարք կայքեր, որոնք ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ էին ճանաչվել:

Հեռուստաընկերություններից «Արմենիան», «Կենտրոնը», «ԱրմՆյուզն» էին ներկայացրել Հմայակ Հովհաննիսյանի կողմից հրապարակայնորեն կատարված հետևյալ արտահայտությունները. «Ներդրողների փոխարեն երկիր են գալիս աֆերիստները, Սենիկ Ջուլհակյանը կասկածելի անձնավորություն է, ով բարերարի անվան տակ իբր ներդրումներ է կատարում ինստիտուտում, նա մաշեննիկ է, վտանգավոր է հասարակության համար»:

Հայցվորը պնդել էր, որ վիրավորանքն իր անձի նկատմամբ կրել է շարունակական բնույթ:

Հայցվորի կարծիքով, հրապարակված արտահայտություններով ու տեղեկություններով ուղղակի կերպով արատավորվել է իր գործարար համբավը, քանի որ «հիշատակված փաստերից հետևում է, որ հայցվորն իր գործարար գործունեությամբ մինչ օրս հանդես է եկել դրական արդյունքներով և գործել է օրինական սկզբունքի սահմաններում, առավել ևս` խաբեբայություն, ձևականություն, «ավանտյուրա», «աֆերիստություն» սրիկայություն, մեքենայություն կատարելու որևէ դեպք մինչ օրս չի արձանագրվել»:

Դատարանը պարտավորեցրել էր մի շարք լրատվամիջոցներին հրապարակայնորեն հերքումներ տպագրել, անգամ հերքման տեքստն էր դրել վճռի հիմքում, մի բան, որ հազվադեպ է լինում նման գործերով վճիռների ժամանակ:

Դատարանը պարտավորեցրել էր Հմայակ Հովհաննիսյանին վիրավորանքի համար ներողություն խնդրել, Հմայակ Հովհաննիսյանից հօգուտ Սենիկ Ջուլհակյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված դատական ծախս, ինչպես նաև 19.000 (տասնինը հազար) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ի դեպ, հիշեցնենք, որ վերոհիշյալ հիմնարկի կին աշխատակիցների պատվի, արժանապատվության գործով մեկ վճռաբեկ բողոք էլ կա բարձրագույն դատական ատյանում:

Հմայակ Հովհաննիսյանը ստիպված է նաեւ գտնվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում էլ, քանի որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը դեռ չի ավարտվել, այն կապված է դարձյալ Սենիկ Ջուլյակյանի հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031