Սանկտ-Պետերբուրգում ընթացող ՄՕԿ-ի գործկոմում այսօր որոշվելու է, թե սպորտային ըմբշամարտը կմնա՞ օլիմպիական խաղերի ծրագրում, թե՞ ոչ:
ՖԻԼԱ-ի նորընտիր նախագահ Նենադ Լալովիչը վստահ է, որ այսօրվա որոշումը կլինի ըմբշամարտի օգտին: «Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք եւ ամեն բան լավ է լինելու: Այս երեք ամիսներին շատ բան է արվել, ըմբշամարտի օգտին շատ հիմնավորումներ են պատրաստվել: Մասնավորապես, փոխվում են կանոնները, ավելի մեծ տեղ է տրվելու կանանց, մարզիկները ֆեդերացիայի ղեկավարության վրա ազդելու ավելի մեծ լծակներ կունենան», – նշել է Լալովիչը:
Երկուշաբթի օրը հատուկ կոմիտեն ավարտել է ինտերնետային քվեարկությունը, թե ըմբշամարտից, սկվոշից եւ կարատեից ո՞ր մարզաձեւը պետք է ընդգրկվի օլիմպիական ծրագիր: Քվեարկությանը մասնակցած 319 հազար 944 մարդկանցից 42,2 տոկոսը ձայնը տվել է ըմբշամարտին: Այսօր ՄՕԿ-ի գործկոմն իր քվեարկությունն է անցկացնելու: Սակայն վերջնական որոշումն ընդունվելու է սեպտեմբերին՝ Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ համաժողովում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ