«Ես մաթեմատիկոս եմ, բայց ոչ մի կեպ չի ստացվում հաշվել: Ո՞նց կարող է պատահի 4.2 տոկոս աճի պարագայում մուտքերը լինեն այնքան, ինչքան 7.2-ի դեպքում: Չի ստացվում ոչ մի պարագայում: Եթե չեք կարող այս հարցին պատասխանել՝ նորմալ է»,- այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Պարոն Ջանջուղազյանն ըստ էության չպատասխանեց. «4.2 տոկոս աճը անվանական ՀՆԱ-ի հետ ուղղակիորեն չի առնչվում: Անվանական ՀՆԱ-ն ավելի ցածր է եղել, քան մենք կանխատեսել ենք»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ունե՞ք գնահատականներ՝ ինչպիսին կլիներ տնտեսական աճը Հայաստանում, եթե «Հազարամյակի մարտահրավերները» չփակեին իրենց ներդրումները: «Այդպիսի վերլուծություն չունեմ»,- պատասխանեց Ատոմ Ջանջուղազյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց՝ ունենք ցուցանիշներ, որ բյուջետային պլանը կատարվել է ոչ 100 տոկոսով: Եթե կիսատ է կատարվել, չկատարված մասի հետ ի՞նչ է տեղի ունենում: Ունենք ցուցանիշներ, որ 29 տոկոսով է կատարվել. «Արտառոց ցուցանիշ էլ կա՝ 3.1 տոկոսանոց կատարողական, այսինքն 100 տոկոսի փոխարեն կատարվել է 3.1 տոկոս: Խոսքը Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրի մասին է: Մամուլում տեղեկություններ կան, որ 300 հազար դոլար տուգանք է վճարվել ՀՀ-ի կողմից՝ այս ծրագրի չկատարման համար: Այդ ի՞նչ պատմություն է, կբացատրե՞ք»:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ծախսերի կատարողականը շատ տարբեր է, եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք նույնիսկ 100 տոկոսը գերազանցող ցուցանիշներ: Չիրականացված միջոցները համադրում են պետբյուջեի ազատ մնացորդը, փոխանցում են հաջոդ տարի: Դրանք չեն անհետանում, տեղափոխվում են՝ որպես հաջոդ տարվա ազատ մնացորդ: Ինչ վերաբերում է 3.1 տոկոս կատարողականին, դրանց մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ առաջիկա նիստերին: Ինչ վերաբերում է տուգանքին, ճիշտ այնպես, ինչպես բոլոր հարկային ծրագրերը, այս ծրագիրը նույնպես կարող է ունենալ այսպես ասած պարտավճարներ, որոնք տվյալ դոնորի կողմից նախատեսվում է համաձայնագրում: Մեր երկիրը բացառություն չի եւ այնպես չի, որ դա վերաբերում է միայն մեզ, դա վերաբերում է դոնորների կողմից պարտավճարներին»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ճշտեց՝ այսինքն հաստատո՞ւմ եք, որ այդ 300 հազար դոլարը մեր պետության վզին կա այնուամենայնիվ: Պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Թե 300 հազար է եղել թե ոչ՝ կճշտեմ, կասեմ, բայց չեմ բացառում, որ այդպիսի բան կարող է լինել»: Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ եթե այդ 300 հազար տուգանքը կա, ապա այժմ բյուջեից այդ վճարումը չեն կատարում, հնարավոր է ձեւակերպվել է վարկի մեջ՝ որպես պարտք: «Այսինքն արտաքին պարտքն եք ավելացրել 300 հազար դոլարով»,- եզրակացրեց Նիկոլ Փաշինյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ