Լրահոս
Օրվա լրահոսը

«Համմերից» կախված Նարեկն ուժասպառ է եղել, ընկել ու մահացել

Մայիս 29,2013 11:25

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նարեկ Զարգարյանի մահվան վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը:

Ամբաստանյալը` Ալվինա Հարությունյանն է, որը ըստ գործի նյութերի, վիճելով Նարեկի հետ, նստել էր նրա  «Համմեր » մակնիշի մեքենան, ներսից փակել էր դռները,առանց Նարեկի թույլտվության, փախցրել էր այն, իսկ Նարեկը կառչել էր մեքենայի ձախ կողնակից:

Մեքենան կանգ չէր առել, Նարեկը ընկնելով` մահացել էր:

Տուժողի իրավահաջորդը Նարեկի մայրն է` Կամելլա Սաֆարյանը, որից փորձեցինք իմանալ գործի ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ Կամելա Սաֆարյանը որդու մահվան կապակցությամբ քննվող սույն քրեական գործով վերջերս խմբագրության միջոցով բաց նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով հանձնարարել, որպեսզի համապատասխան պաշտոնյաները պատասխանատվությամբ մոտենան իրենց պարտականություններին և ցուցաբերեն մասնագիտական, այլ ոչ թե հայեցողական մոտեցում:

Կամելա Սաֆարյանը Aravot.am-ին հայտնեց, որ ՀՀ Նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իր դիմումներից ոչ մեկին առ այսօր որևէ գրավոր պատասխան չի տրվել: Միաժամանակ հայտնեց, որ մայիսի 15-ին կայացած դատական նիստում դատավոր Մ.Մակյանը մերժել է իր ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի կողմից դատախազ Դիանա Զոհրաբյանին ներկայացված բացարկը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը մեր հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում խախտել ամբաստանյալ Ալվինա Հարությունյանի անմեղության կանխավարկածը և այս պահին ձեռնպահ է մնում նրա մեղավորության կամ անմեղության վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց: Երեմ Սարգսյանը նշեց նաեւ, որ իրեն սույն գործով  «Ավելի շատ զարմացնում է ՀՀ դատախազության և մասնավորապես մեղադրող դատախազի գործելաոճը: Դատախազը նախաքննությամբ ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով հաստատված համարեց, որ Ալվինա Հարությունյանը վիճաբանելով Նարեկ Զարգարյանի հետ, նստել է նրա  «Համմեր » մակնիշի ավտոմեքենան, ներսից փակել է դռները և առանց Նարեկ Զարգարյանի թույլտվության, նրա կամքին հակառակ, փախցրել է այն, իսկ Նարեկ Զարգարյանը կառչել է ավտոմեքենայի ձախ կողնակից և գոռոցներով պահանջել է, որ Ալվինա Հարությունյանը կանգնեցնի ավտոմեքենան: Սակայն վերջինս չի կանգնեցրել այն և վարել է այնքան ժամանակ, մինչև Նարեկ Զարգարյանը վայր է ընկել:

Նարեկ Զարգարյանի կողմից ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից կառչելը և գոռոցներով կանգնել պահանջելը միանշանակորեն վկայում են այն մասին, որ Ալվինա Հարությունյանն ավտոմեքենան վարել է Նարեկի կամքին հակառակ, սակայն չնայած դրան, դատախազն այդ արարքը հանցագործություն չհամարեց և ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար փախցնելը առանց հափշտակելու նպատակի/ Ա.Հարությունյանին մեղադրանք չառաջադրեց:

Դատախազն իր ճառում ըստ էության հաստատված համարեց նաև, որ Ալվինա Հարությունյանը հաստատապես իմանալով, որ Նարեկ Զարգարյանը կառչած է ավտոմեքենայից, որն ինքը 0.71 տոկոս ալկոհոլային խմածության վիճակում վարում է նվազագույնը 100-120 կմ/ժ արագությամբ, այն էլ մոտ 2 կմ տարածություն այդ ձմեռային սառը եղանակին, չի կանգնեցրել ավտոմեքենան կամ չի դաnդաղեցրել դրա ընթացքը, մինչև Նարեկ Զարգարյանն ուժասպառ լինելով վայր է ընկել և մահացել:

Հասկանալի է, որ նման պայմաններում մեղսունակ անձը չի կարող չգիտակցել, որ եթե չկանգնեցնի ավտոմեքենան, ապա դրանից կառչած անձը կարող է վայր ընկնել և մահանալ: Իսկ այդ վտանգը չկանխելը կամ անձի կյանքի կամ առողջության նկատմամբ այդպիսի անտարբերություն ցուցաբերելը վկայում է բացառապես մեղքի անուղղակի դիտավորության մասին, որի պայմաններում Ա.Հարությունյանի արարքը մեղադրողի կողմից պետք է որակվեր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով` որպես անուղղակի դիտավորությամբ կատարված սպանություն, ինչը նույնպես չկատարվեց»:

Հիշեցնենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը հենց այդ հիմքով էլ բացարկ էր հայտնել դատախազին, ինչի մասին մենք տեղեկացրել ենք: Փաստաբանը պատճառաբանել էր, որ գործի քննությունն այդ մեղադրողի մասնակցությամբ, որը հաստատված է համարում վերոնշյալ փաստերը, սակայն ամբաստանյալի արարքն ինչ-ինչ նկատառումներով սխալ` ակնհայտ մեղմ է որակում, չի կարող արդար լինել, քանի որ եթե անգամ դատավորը դատաքննությամբ համոզվի, որ տուժող կողմից վերոնշյալ դիրքորոշումը ճիշտ է, մինևնույն է չի կարող Ա.Հարությունյանի մեղադրանքը ծանրացնել, եթե մինչև գործի ավարտը դատախազը չփոխի մեղադրանքը և ճիշտ չորակի այն:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հավելեց, որ մեղադրողն իր ճառում հաստատված համարելով նշված փաստերը, միևնույն ժամանակ նշել է, որ երկու դեպքում էլ Ալվինա Հարությունյանի արարքում առկա է եղել մեղքի անզգույշ ձևը, այսինքն, որ նա դիտավորություն չի ունեցել փախցնել Նարեկ Զարգարյանի ավտոմեքենան և վնաս պատճառել նրա կյանքին կամ առողջությանը: Փաստաբանին առավել զարմացրել էր մեղադրողի այդ հայտարարությունը, որ իր այդ դիրքորոշումը պաշտպանում է ողջ դատախազությունը, քանի որ այն ըստ նրա ձևավորվել է ՀՀ գլխավոր դատախազությունում ունեցած քննարկումների արդյունքում:

Փաստաբանի դիտարկմամբ, այնպիսի տպավորություն է, որ այդ քննարկմանը մասնակցած դատախազները դիտավորություն ասելով հասկանում են միայն ուղղակի դիտավորությունը և պատկերացում չունեն անուղղակի դիտավորության մասին կամ էլ այստեղ այլ շահեր կան:

Անդրադառնալով բացարկը մերժելու մասին դատարանի որոշմանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշեց, որ այս պայմաններում տուժող կողմը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով սահմանված` արդար դատաքննության իրավունքից, քանի որ տուժող կողմը զրկված է դատաքննության ընթացքում իր իրավաչափ շահերը պաշտպանելու իրական հնարավորությունից, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0097/01/09 գործով կայացրած նախադեպային որոշմամբ արաձանագրել է, որ տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է իրեն հասցված վնասի վերականգնումը, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքների լրիվ բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, իր նկատմամբ հանցանք կատարած անձի դատապարտումը և արդարացի պատժի նշանակումը:

Ըստ փաստաբանի, ստացվում է, որ տուժողի այդ իրավաչափ շահերի պաշտպանությունը կախված է դատախազից, նրա մասնագիտական պատրաստվածությունից, կողմնակալ կամ անկողմնակալ լինելուց և այլ հանգամանքներից: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը տուժողի համար չի նախատեսում սուբսիդիար մեղադրողի գործառույթ իրականացնելու իրավունքը, որի պայմաններում տուժող կողմը կարող էր դատարանում պաշտպանել իր դիրքորոշումը և ամբաստանյալին մեղադրել վերը նշված հոդվածներով, իսկ դատարանն էլ դրանից ելնելով կարող էր արդարացի դատավճիռ կայացնել, ուստի այտեղ խոսք անգամ չի կարող գնալ արդար դատաքննության մասին:

Փաստաբանը վկայակոչում է  «Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի » գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը, նշելով, որ Խորվաթիայի քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում էր տուժողի իրավունքների պաշտպանության մի շարք կառուցակարգեր, այդ թվում՝ սուբսիդիար մեղադրողի գործառույթ իրականացնելու իրավունքը: Յանկովիչի գործով Եվրոպական դատարանը գտել է, որ պետությունը չի կատարել իր այդ պոզիտիվ պարտականությունը, քանի որ  «inter alia»` տուժողին իրական հնարավորություն չի տրվել իրականացնելու իր դեմ ոտնձգություն թույլ տված անձի քրեական հետապնդում: Դրա հիման վրա արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 8–րդ հոդվածի խախտում, որը սահմանում է յուրաքանչյուրի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մահացածի ետևից, ասում են կամ պետք է լավ բան ասել կամ լռել: Ես գերադասում եմ լռել: Բայց
    Կոտայքի մարզում հավանաբար կխոսեն ավելի մանրամասնորեն, թե՛ ում որդին էր Նարեկը, ում
    դուստրը՝ Ալվինան: Չե՛ որ այսպիսի չքավորության մեջ քչերը կարող են իրենց թույլ տալ նմամ
    շռայլություն, երբ երիտասարդները ,,Համմեր,, են վարում, այն էլ ալկոհոլի տակ, որի արժեքը մի քանի տան արժեք է Գյումրեցիների համար, որոնք արդեն քարրորդ դար է բնակվում են տնակներում
    և դեռ անհայտ է, թե՛ մինչև երբ: Նրանց որդիները այդ պայմաններում առողջական խնդիրներով
    մեկնում են բանակ, իսկ դստրերը՝ նույն առողջական խնդիրներով պետք է երեխաներ ունենան և
    համալրեն մեր երկիրը պաշտպանող բանակը: Իսկ ով արտագաղթում է՝ թեթև շունչ է քաշում, որ
    հազիվ հայրենիքից պրծան, և ենթարկվում շատերի,՝ հատկապես ազգակործանների քննադատութ-
    յանը, թե՛ ինչու՞ են հայրենիքը լքում, ո՞վ է մեր երկիրը պաշտպանելու: Այս աղետալի իրավիճա-
    կում 58% խփած նախագահը, ավելի քիչ քան երկու տարի հետո, ծիծեռնակաբերդում շատ լուրջ դեմքավ ճառեր է ասելու ցեղասպանության մասին, իսկ ներկաները՝ գարի ուտող ձիու նման
    գլուխները վեր ու վար են անելու, քանի որ լիքը տաշտակ վեր է ամեն ինչից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031