Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալ» խանութի հետ կոնֆլիկտ ունեցող կնոջ՝ հոգեբուժարան տեղափոխվելու մանրամասները

Մայիս 29,2013 11:10

Երեւանի Կոմիտասի 56 շենքի 23 բնակիչներ գրություն են պատրաստել ուղղված ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչներն այդ գրության տակ դրված ստորագրություններով հաստատում են, որ իրենց հարևանուհին՝ բռնի կերպով հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանը, հոգեկան խնդիրներ չի ունեցել եւ խնդրում են նրան դուրս բերել հոգեբուժական կլինիկայից։

… Կինը ոստիկանության միջամտությամբ հոգեբուժարան է տեղափոխվել այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ու լարված հարաբերություններ է ունեցել իր բնակարանի տակ գտնվող «Իդեալ» խանութի հետ։ Հայտնել էինք նաև, որ Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելու համար հիմք է հանդիսացել մեկ դիմում։

Երեկ արդեն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին, որ դիմում-բողոքը ստացել են «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից։ Դրա տակ ստորագրել են 4 հոգի։ Ամալյա Նազարեթյանի հարևաններն ինձ հետ զրույցում մեկ անգամ եւս պնդելով, որ նրա վարքում արտառոց ոչինչ չեն նկատել, մանավանդ շրջապատի համար վտանգ նրանից երբևէ չեն զգացել, հաստատել են, որ կինը խնդիրներ է ունեցել նաեւ նշված սրճարանի հետ։

«Իդեալ»-ի՝ վարձակալությամբ զբաղեցրած տարածքը պատկանում է նշված սրճարանի տիրոջ եղբորը՝ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանին։ Հարեւանուհիներից մեկը, որը խնդրել է անունը չհրապարակել հնարավոր քաշքշուկից խուսափելու համար, փոխանցել է, որ Նազարեթյանը պատմել է, որ «Իդեալի» «տղաները» իրեն պարբերաբար դիմել են, թե տունդ մեր անունով գրիր, քեզ լավ կպահենք։ Ինքն էլ պարբերաբար մերժել է նրանց։ Պատմել է նաև, որ գիշերները երբեմն զանգահարել են սրճարանից եւ ասել շտապ օգնության մեքենան քեզ է սպասում, իջիր գնա։

Հարեւանուհին, ի դեպ, ասել է, որ Ամալյա Նազարեթյանին տեղափոխող շտապ օգնության մեքենայով մեկնել են նաեւ սրճարանի տիրոջ՝ Անդրանիկի կինն ու սրճարանի հավաքարարը։ Իսկ ահա Ավանի հոգեբուժական կինիկայում հայտարարել են, թե մասնագիտական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Ավելին, պնդել են, որ նա իրենց մոտ է տեղափոխվել հիվանդությունը սրված վիճակում եւ վտանգ է ներկայացնում շրջապատի համար։ Ինձ այստեղ թույլ չեն տվել տեսակցել կնոջ հետ։

Նշելով, որ նա դեռեւս հետազոտման փուլում է և չկա հիվանդության վերջնական ախտորոշում՝ Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Արեգա Հակոբյանն ասաց. «Նա ընդունվել է սուր հոգեշարժական գրգռված վիճակում։ Զառանցական հիվանդ է, զառանցաբար է մեկնաբանում շրջապատը։ Նա բավականին ծանր հիվանդ է ու վտանգավոր»։ Հարցին, թե ինչպե՞ս են բուժում իրականացնում, ընդ որում՝ հարկադրաբար, երբ չկա ախտորոշում, կլինիկայի տնօրենը պատասխանեց. «Վերջնական ախտորոշումը հետազոտման արդյունքում կպարզվի, բայց նախնականը՝ սուր հոգեշարժական գրգռվածության սուր զառանցական համախտանիշը կա, վերջնական պարզ չէ, թե այդ փսիխոզը որ հիվանդության շրջանակներում է»։

Տարակուսանքին, թե հարևաններին Նազարեթյանը երբեւէ չի անհանգստացրել, նա պատասխանեց. «Թիրախ ունի մի քանի հոգու։ Ում վրա որ զառանցանքը ուղղված է, նրանց է նեղություն տալիս։ Ես անունները չգիտեմ, ես լսել եմ այդ մարդկանց, ովքեր եկել էին, որ առավոտյան ժամը 6-ին մոտենում է, սկսում է սեղաններ շուռ տալ, աթոռներ շուռ տալ (այնտեղ ինչ-որ սրճարան կա), գոռալով, գոչելով, անպատվելով։ Մենք չէինք հավատա, եթե նա՝ մոտ 80 տարեկան կինը քացով չխփեր բժշկի կրծքավանդակին»,- այս մասին էլ ասաց կլինիկայի կանանց բաժանմունքի ղեկավար Մարինա Հակոբյանը։

Ու թեեւ Ամալյա Նազարեթյանին տեղափոխելուն ականատես եղած հարևանուհին հայտնել է, որ սրճարանից ներկայացուցիչներ են նրան ուղեկցել, եւ նույնը հասկանալի է դառնում բժշկուհու խոսքերից, սրճարանում պնդեցին, որ նման բան չի եղել։

Այստեղ բոլորը հրաժարվեցին խոսել միացված ձայնագրիչի մոտ, իսկ առանց դրա պատմեցին, թե արդեն տարիներ շարունակ Նազարեթյանը իրենց կողքով անցնել-դառնալիս անպատվել է, անիծել։ Այս անգամ էլ համբերության բաժակը լցվել է և դիմել են ոստիկանություն։ Սրճարանի տնօրենն ասաց, որ ոստիկանություն դիմելով իրենք ուղղակի ցանկացել են նրանց միջոցով սաստել իրենց շարունակ անիծող, այցելուների մոտ խայտառակող կնոջը։

Ինչ վերաբերում է սեղան-աթոո շուռ տալուն, ապա զրույցի ընթացքում պարզվեց, որ նման բան չի եղել։ Սրճարանի տնօրեն Անդրանիկ Մխիթարյանի խոսքով, այգու մուտքի ճանապարհին դրված սեղանները նա շարունակ պահանջել է հանել՝ հայտարարելով, որ իրեն խանգարում են։ Պարբերաբար էլ պահանջել է «Իդեալ»–ին հանել զբաղեցրած տարածքից։

Դառնալով Նազարեթյանին հոգեբուժարան ուղեկցողների խնդրին նշեմ, որ սրճարանի տնօրենը վստահեցրեց, թե ոստիկանի առաջարկով հոգեբուժարան է գնացել իրենց մշտական հաճախորդներից մեկը՝ Տատյանան, քանի որ իրենց աշխատակիցները դա անել հրաժարվել են։ Տատյանա Բադալյանը հարցին, թե ինքը գնացե՞լ է հոգեբուժարան, պատասխանեց՝ դիմելով սրճարանի տնօրենին. «Գնացե՞լ եմ, թե՞ չէ։ Չեմ գնացել, ես ուղղակի էստեղի վկա եմ»։ Նա ասաց, որ ինքը պարզապես Նազարեթյանի վատ պահվածքին է հաճախ ականատես եղել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031