Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը Aravot.am-ին պատմեց, որ Ապարանի հերոսամարտի 95 ամյակը ապարանցի պաշտոնյաներով առանձին էլ են նշել: Մայիսի 28-ից մի քանի օր առաջ առանձին խնջույք են արել. «Ներկա էին համայնքների ղեկավարներ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահությունը»:
Պարոն Աբրահամյանը հետո հպարտացավ ապարանցու հերոսությամբ եւ հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրվածությամբ, բայց նաեւ նկատեց. « Ապարանցիներն այսօր շատ դժվարությամբ են ստեղծում իրենց ապրուստը եւ իրենց պապերի հերոսական անցյալն է պահում իրենց այստեղ: Բայց ինչքան էլ դժվար ապրում են, արտագաղթը այստեղ տեսանելի չէ: Նախկինում գնացել են 100-150 ընտանիք ու այդ թիվը չի ավելանում»:
Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցինք գազի գնի սպասվող թանկացումը Ապարանում սոցիալական բունտ չի՞ առաջացնի ու նպաստի արտագաղթին. «Շատ դժվար է, բայց դա ոչ մի կապ չունի արտագաղթելու հետ, որովհետեւ մարդը վառելիք կգտնի՝ անտառի հաշվին, անասուն է պահում, գոմաղբից վառելիք են ստեղծում, իմիջիայլոց, լավ էլ վառելիք է: Մի բան կանեն, բայց հնարավորություն որ չունենան գազ չեն օգտագործի:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ վստահեցրեց՝ կառավարությունը ձեռքից եկածն անում է ՝ գազի սակագինը զսպելու ուղղությամբ. «Ամեն ինչ անում է. Փառք հայոց կառավարությանը: Մենք պետք է հասկանանք, որ գազի գինը ԱՊՀ պետությունների մեջ ամենացածրը Հայաստանին են տվել: Չգիտեմ՝ ինչքանով պետք է բարձրանա ու սոցիալական վիճակի վրա ինչքանով կազդի, բայց չեմ կարծում, որ բում իրավիճակ կստեղծվի: Որ թանկանա, բնական է, որ ինչ-որ դժվարություններ կառաջանան, բայց չեմ կարծում, որ էական ազդեցություն կունենա ժողովրդի ապրելակերպի վրա»:
Կարդացեք նաև
Պարոն Սահակյանը նաեւ ասաց, որ կարկտահարությունից իրենց մարզը Արմավիրի չափ կորուստ չի ունեցել. «Որոշ համայնքերում 10%, որոշներում՝ 25 %»:
Հետո էլ հավելեց, որ կարկտահարությունից մեծ կորուստներ ունեցած Արմավիրի գյուղացիներին օգնելու համար բացված հաշվեհամարին էլ իր անունից գումար է փոխանցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ