Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներին ու այլ բնապահպան-ակտիվիստներին նույնիսկ այսօրվա հորդառատ անձրեւը չէր կարողացել խանգարել՝ «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին», «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ», «Ոչ մի բրիտանական ցիանիդ Հայաստանում» եւ այլ պաստառներով հայտնվելու Մատենադարանի գլխավոր մուտքի մոտ:
Նրանք ժամը 16:30-ից սպասում էին Ուելսի արքայազն Չարլզին՝ նրան հանձնելու իրենց նամակը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Քալանթարյանը մերթընդմերթ մոտենում էր բնապահպաններին ու հորդորում իջնել ներքեւ՝ աստիճանների մոտ: Ակտիվիստները, չանսալով դեսպանատան աշխատակցի հորդորին, շարունակում էին պաստառներով մնալ նույն տեղում:
Որոշ Ժամանակ հետո ցուցարարներին մոտեցավ «Երեւան, իմ սեր» ծրագրի մամուլի խոսնակ Թոնի Հալփինը: Նրա նույնպես խնդրեց ցուցարարներին բարձունքից իջնել ներքեւ: Բնապահպանները նրա խնդրանքը եւս մերժեցին:
Կարդացեք նաև
Թոնի Հափլինը լրագրողներին հավաստիացրեց, որ արքայազն Չարլզը ոչ մի կապ չունի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ:
«Այստեղ հավաքված մարդկանց ասածը կապ չունի իրականության հետ: Նրանց՝ այստեղ հավաքվելը, ժողովրդավարության նշան է: Ես նրանց խնդրեցի, որ իջնեն այնտեղից, բայց նրանք ինձ չլսեցին: Բայց ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ արքայազնը Ամուլասարի ոսկու հանքի շահագործման հետ որեւէ կապ չունի»:
Պարոն Հափլինը չցանկացավ խոսել արքայազնի հետագա անելիքների մասին՝ նշելով, որ արքայազնը Հայաստան է ժամանել մասնավոր այցով:
Հետո ցուցարարներին ընդառաջ եկավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Նա բնապահպան-ակտիվիստներից վերցրեց նամակը, որը խոստացավ փոխանցել արքայազնի գրասենյակ: Նա բնապահպաններին տեղեկացրեց, որ արքայազնի անձնական օգնականը անպայման կհանդիպի նրանց: Դեսպանի խոսքով՝ բնապահպանների հետ պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաեւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
Դեսպանի գնալուց հետո Մատենադարանի գլխավոր մուտքի մոտ հավաքված բնապահպաններն ու լրագրողները սկսեցին ենթադրել, որ արքայազնը գուցե արդեն Մատենադարանում է: Ենթադրվում էր, որ արքայազնը մուտք է գործել Մատենադարան ետնամուտքով՝ չարդարացնելով բնապահպանների եւ լրագրողների սպասելիքները:
Ժամը 19:00-ի «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ իրոք արքայազնը Մատենադարան է մտել ետնամուտքով:
Աշոտ ԱԹԱՅԱՆ