Մայիսի 24-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» եւ «Տարանցման ազատության մասին» կանոնադրության եւ կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը:
Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարեւորագույն սկզբունք է նրանց միջազգային առեւտրի ու տնտեսական զարգացման ընդլայնման, ինչպես նաեւ ափամերձ պետությունների հետ մեկտեղ ծովից հավասար պայմաններով օգտվելու համար:
Տնտեսական զարգացումը խրախուսելու համար «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» կոնվեցիան նախատեսում է դրույթներ, որոնց համաձայն այդ պետություններին պետք է տրվի հնարավորություն փոխադարձության սկզբունքով ազատորեն իրականացնել տարածաշրջանային եւ միջազգային առեւտուր բոլոր տեսակի ապրանքների համար` կանոնակարգելով տրասնպորտային միջոցների, հարկման, մաքսատուրքերի, տարանցման ու վարչական փաստաթղթերի հետ կապված գործընթացները:
Հայաստանի հարեւան պետություններից նշված կոնվեցիային ավելի վաղ միացել են միայն Վրաստանը եւ Թուրքիան, իսկ «Տարանցման ազատության մասին» կանոնադրությանը եւ կոնվենցիային` նաեւ Իրանը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն