Համալսարանական 4 տարիների ավարտը ազդարարում են պետական ավարտական քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը, որոնց նախապատրաստական ողջ ընթացքը անցնում է լարված ու անհանգիստ: Սակայն պաշտպանությունից հետո այդ լարվածությունը հաճախ չի անցնում, այլ ավելի է մեծանում, քանի որ շատերը հիասթափություն են ունենում:
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսեցիները ,օրինակ՝ ավարտական աշխատանքների թեմաներն ընտրում են դեռևս հոկտեմբերից: Սակայն հաշվի առնելով ուսումնական ծանրաբեռնվածությունը, գրել սկսում են միայն 2-րդ կիսամյակում` հիմնականում, վերջին ամսին:
Ավարտական աշխատանքների պաշտպանության ժամանակ հաճախ ուսանողները շփոթվում են, լարվածությունից առաջանում է մտքի արգելակում, ինչի արդյունքում չեն կարողանում ինչպես հարկն է ներկայացնել իրենց գրած աշխատանքը: Դրան, թերևս պետք է լրացնի գրախոսությունը, և աշխատանքը գնահատվի գրախոսի առաջարկի դիպլոմնիկի պատասխանի հիման վրա, քանի որ հանձնաժողովում, որպես կանոն, ոչ մեկը կարդացած չի լինում աշխատանքը:
Ավարտական աշխատանքը գրելու և պաշտպանելու ընթացքի մասին տպավորությունների մասին փորձեցինք խոսել հենց Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսեցիների հետ, ովքեր արդեն սպասում են դիպլոմները ստանալուն: Շատերը հրաժարվեցին հարցերին պատասխանելուց` պատճառաբանելով հիասթափությունը ֆակուլտետից և հենց դիպլոմային աշխատանքների պաշտպանության հետ կապված խնդիրներից:
Միակ ուսանողը, ով համաձայնեց պատասխանել հարցերին, Լուսինե Ազիզյանն է: Նա հենց երեկ է պաշտպանել իր ավարտական աշխատանքը: Դժգոհ է ոչ այնքան իր աշխատանքից և ներկայացված գրախոսությունից, որքան ֆակուլտետում ավարտական աշխատանքը գնահատելու մոտեցումից:
«Բավականին բարդ, նյարդային պրոցես է ավարտական աշխատանք գրելը, հատկապես երբ գիտական աշխատանք գրելու փորձ չենք ունենում: Իսկ պաշտպանությունը լրացնում է ողջ սթրեսը. Մենք արդեն հանձնել ենք ամփոփիչ ավարտական քննություն, սա մեր անհատական աշխատանքն է, և կարծում եմ՝ սրանք պետք է գնահատվեն այնքան, որքան որ մենք գրել ենք` առանց հաշվի առնելու ինչ-ինչ գործոններ: Օրինակ, մեզ մոտ, փաստորեն հաշվի առան մեր 4 տարիների առաջադիմությունը: Դա թող հաշվի առնեին ամփոփիչ ավարտական քննության ժամանակ, ոչ թե այս դեպքում, երբ ուսանողները կատարել են անհատական աշխատանք»,-ասում է Լուսինեն և պատմում, որ գրեթե բոլորի գնահատականները գրախոսի առաջարկած նախնական գնահատակններից իջեցվել են, ինչն ավելորդ լարվածություն և հուզմունք է պատճառել ուսանողներին:
Ինչպես պատմում է Լուսինեն, իր համակուրսեցիներից մեկի այն հարցից հետո, թե ինչու է իր աշխատանքի համար առաջարկված գերազանց գնահատականը դարձել 17, ֆակուլտետի դեկանը պատասխանել է, որ իրենք հաշվի են առել նաև 4 տարիների ՄՈԳ-ը. «Եթե այդքան կարևոր է մոգ-ը, ուրեմն էլ ինչի՞ համար ենք մեզ չարչարում, փորձում լավ աշխատանք գրել, եթե վերջում հաշվի չի առնվելու մեր գրածը, ներկայացրածը և գրախոսությունը: Թող նախապես զգուշացնեն, մենք էլ կգրենք ինչ-որ մի բան, միևնույնն է, վերջում հաստատ կստանանք բավարար գնահատական»,-հիասթափված ասում է նախկին ուսանողուհին, ով վստահ է, որ իր աշխատանքը այնքան ցածր գնահատականի արժանի չէր, որքան ինքը ստացել է: Լուսինեի կարծիքով՝ նույն խոսքերն ու նույն կարծիքը կհայտնեն իր համակուրսեցիներից շատերը:
Հռիփսիմե Գալստյան