Վրաստանի Թելավի քաղաքի համալսարանը արդեն 6 տարի է լրագրողներ է պատրաստում սոցիալական գիտությունների դեպարտամենտում, իսկ երկրի տարածքում լրագրող պատրաստելու 16 ծրագիր կա:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց բուհի դասախոս Լաուրա Կուտուրձեն, իրենց երկրում լրագրողի աշխատանքի մեծ պահանջարկ կա, եւ Թելավիի համալսարանում էլ ուզում են ապացուցել, որ որակյալ լրագրողներ պատրաստելու մենաշնորհը միայն մայրաքաղաք Թբիլիսիինը չէ:
Տեղեկացանք, որ Թելավիի համալսարանն արդեն անցել է ազգային հավատարմագրում, բուհի լրագրություն մասնագիտությունը՝ նույնպես:
Կարդացեք նաև
Տիկին Կուտուրիձեի ասելով, միակ խնդիրը համապատասխան գրականության պակասն է, սակայն ոչ կառավարական ՀԿ-ների աջակցությամբ օտար լեզուներից թարգմանվել է լրագրողական էթիկայի, ինքնակարգավորման եւ այլնի մասին գրականություն:
Թելավիի համալսարանի առաջին կուրսի երկրորդ կիսամյակից ապագա լրագրողները պրակտիկա են անցնում տեղական ԶԼՄ-ներում, իսկ դասերի հաշվին աշխատելը արգելված է օրենքով:
Դասախոսի ասելով, ԶԼՄ-ների հետ առնչվող վրացական օրենքները դեմոկրատ են, այլ հարց է, թե ինչպես են դրանք կիրառվում կյանքում:
Ինչ վերաբերում է երիտասարդ լրագրողներին, տիկին Լաուրայի խոսքով, նրանց թվում է, թե տեղեկություններ հավաքելու բացառիկ կարգավիճակ ունեն: Պատասխանելով Aravot.am-ի հարցերին, վրացի ուսանողներից շատերն ասացին, որ մանկուց երազել են լրագրող դառնալ, մի տղա նշեց, թե իր մասնագիտությամբ ցանկանում է պայքարել արդարության համար եւ փոխել կյանքը:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, երիտասարդների մեծամասնությունը նախընտրում է հեռուստալրագրությունը:
Դասախոսներից մեկը նշեց, որ ապագա լրագրողները հենց առաջին կուրսից «Լրագրողական իրավունք» առարկա են անցնում, ու մի ուսանող, այդ առարկային ծանոթանալուց հետո, փոխել է մասնագիտությունը, որոշելով, որ լրագրությունն ամենեւին իրեն չի «սազում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ