Հաշված օրեր են մնացել ամռանը, իսկ դուք արդեն հասցրել եք մտածել ձեր հանգիստը կազմակերպելու մասին:Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենահայտնի քաղաքները իրենց ծովափերով և պատմամշակութային տեսարժան վայրերով, որտեղ կկարողանաք չափազանք հետաքրքիր և անմոռանալի կազմակերպել ձեր հանգիստ
Ռիո դե Ժանեյրոն իր մեծությամբ Բրազիլիայի երկրորդ քաղաքն է Սան Պաուլուից հետո, համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Զբոսաշրջիկներին առավել հայտնի են Կոպակաբան, Իպանեմա և Լեբլոն թաղամասները: Ռիոյի այս թաղամասերը ընդգրկում են բազմակիլոմետրանոց լողափերը:
Կոպակաբան ամենահայտնի և ժողովրդականություն վայելող լողափն է: Այստեղ գիշեր թե ցերեկ կյանքը եռում է: Որպես զովացուցիչ ըմպելիք այստեղ կառաջարկեն կայպերինյոն` բաղկացած մանր կտրատած կիտրոնից, ազգային կաշասի օղուց, շատ քիչ քանակությամբ շաքարավազից և ջրից: Սակայն զբոսաշրջիկները հաճախ նախընտրում են ավելի մաքուր Իպանեման կամ հանգիստ ու շքեղ Լեբլոնը: Քաղաքի այցեքարտը Քրիստոսի հսկա քարե արձանն է, որը տեղադրված է Ռիոյի ամենաբարձր վայրում` Կորկովադոյում: Ձեռքերը լայն բացած Քրիստոսի արձանը կարծես թե օրհնում և պաշտպանում է քաղաքը: Երկնքի և ջրի անհավանական կապույտը, արևի լույսը, կանաչով պատված լեռները ստիպում են չհավատալ բնապատկերի ճշմարտացիությանը: Թվում է` կբացես աչքերդ և հիանալի պատկերը կկորի, ինչպես անապատային պատրանքը: Կարելի է հանգստանալ և թարմանալ յուրօրինակ ռեստորանում` շուրաշկարում` հասարակական սնդի ավանդական վայրում: Ռիոյից երեք ժամ հեռավորության վրա գտնվում է Բուզիոս առողջարանային քաղաքը: Տեղին ծանոթ մարդիկ վստահեցնում են` դրախտային վայր: Գեղատեսիլ օվկիանոսի երկայնքով ձգվում են տասնյակ հյուրանոցներ, որտեղ օդորակիչներով հարմարավետ համարներում կարելի է թաքնվել կիզիչ արևից և անտանելի շոգից: Հարմարավետ տնակները, ավազոտ լողափերը, վայրի բնությամբ լեռնալանջերը, զբոսանավերը, արմավները և ձմերուկները, մարակուայից պատրաստված զարմանալի կոկտեյլը գործում է որպես հանգստացնող լավագույն միջոց: Իհարկե Ռիոյում կան նաև թաղամասներ, որտեղ տիրում է աղքատությունը: Ոմանք դժվարությամբ են հացի գումար վաստակում: Ռիոն բազմադեմ է` ինչպես բոլոր մեծ քաղաքները:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը, որպես տուրիստական կենտրոն, Եվրոպայում ամենահայտնի և ըստ պաշտոնական տվյալների` «ամենականաչ» քաղաքներից մեկն է: Մադրիդում փողոցների վառ լուսավորության շնորհիվ կարող եք զբոսնել մինչ ուշ գիշեր և բացահայտել քաղաքի գողտրիկ անկյունները: Մադրիդն ունի Դիսնեյլենդին նման իր սեփական մեծ այգին` Warner Parque-ը, որը բաղկացած է 5 մասերից և բաց է այցելությունների համար մի քանի ամիսների ընթացքում:
Բարսելոնը Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Բազմաթիվ հետաքրքիր պատմություններ են կապված այս քաղաքի հետ: Օրինակ` Տիբիդաբո լեռան վրա է գտնվում Հիսուսի արձանը, որը կանգնեցված է այսպես կոչված Սուրբ Սրտի տաճարի տանիքին: Չնայած և այս վայրը հաճախ չի ներառվում Բարսելոնի զբոսաշրջության ցանկերի մեջ, այդուամենայնիվ, այն համարվում է քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը` լեռան գագաթից բացվող դիտարժան տեսարանի շնորհիվ: Ըստ առասպելների` դևը փորձել է գայթակղել Աստծուն` ցույց տալով լեռան գագաթից բացվող գեղեցիկ տեսարանները` կրկնելով «Tibi DABO» արտահայտությունը, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Քեզ կտամ»: Այսպես են բացատրում ականջի համար անսովոր Տիբիդաբո լեռան անվանումը Բարսելոնում:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կան բազմաթիվ վայրեր, որոնք must see ցանկի մեջ են մտնում` սկսած Սուրբ Պետրոսի տաճարից, Կոլիզեից, Հռոմեական ֆորումից մինչև Սիքստինյան մատուռը Վատիկանում, որտեղ, ի դեպ, հիմա հնարավորություն է տրվել տեսնել գաղտնի, փակ սենյակները` էքսկուրսիայի համար վճարելով 220 եվրո:
Նույն ցանկի մեջ է մտնում նաև Հռոմի Իսպանական հանրահայտ աստիճանը, որը միացնում է Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցին և Իսպանիայի հրապարակը: Մեկ այլ հայտնի վայր Հռոմում` Տրևի շատրվանը: Ըստ առասպելների` նա, ով 1 մետաղադրամ կնետի այս շատրվանի մեջ, անպայման կվերադառնա Հռոմ, 2-ը նետելու դեպքում ` կգտնի իր սերը, իսկ 3-ը նետելով` անպայման կամուսնանա: Այս ավանդույթի շնորհիվ շատրվանից ստացված տարեկան հասույթը, որը տատանվում է մի քանի հարյուր հազար եվրոյի միջակայքում, տրամադրվում է բարեգործական նպատակներով:
Կարդացեք նաև
Մալդիվյան կղզիները էկզոտիկ հանգիստ անցակցնելու համար լավագույն ուղղություններից են: Ջրային աշխարհը, հրաշալի բնությունը, զբոսաշրջության զարգացած ենթակառուցվածքը, ինչպես նաև` լավ հյուրանոցներն ու սպասարկման բարձր որակը կապահովեն լիակատար հանգիստ:
Ամառային հանգիստն անցկացնելու համար մեկ այլ տարբերակ է Հունաստանը: Հունաստանի Ռոդոս, Կրետե Միկոնոս, Սանտորինի կղզիները հիանալի վայրեր են լիարժեք ծովափնյա հանգիստ կազմակերպելու համար: Միաժամանակ հյուրանոցային հանգիստը բավական քիչ գումար կպահանջի:
Պատրաստեց՝ Օվսաննա Սիմոնյանը
,