Մորը, մայրերին նվիրված ցուցահանդեսին հանրության սեփականությունը դարձան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկարները:
Մեր երգիծական գրականության մաս կարող են, հիրավի, դառնալ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի մանրապատումները: Բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ ունի դատախազ Արմեն Աշրաֆյանը` «Շղթայված ինչուներ», «Ինքս ինձ հետ»:
Մեր նախորդները` նախկին գլխավոր դատախազները` Վլադիմիր Նազարյանն ու Հենրիկ Խաչատրյանը խոսքի վարպետներ էին, հրաշալի պոեզիա գիտեին:
Անուրանալի պոետ էր նաեւ ՍԴ անդամ Ռաֆայել Պապայանը:
Կարդացեք նաև
Տաղանդավոր հրապարակագիր է նաեւ Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը: Նուրբ քնարական բանաստեղծություններ է գրում Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը…
Օրեր առաջ ձեռքս ընկավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի տասը տարի առաջ գրված բանաստեղծությունների գիրքը`«Ի սկզբանե էր վերջը…կամ չընդհատվող երկխոսություն»:
Գիտեմ, որ մինչ օրս նա գրում է բանաստեղծություններ, որոնք հաճախ ընթերցում է Սերգուշ Բաբայանը, գիտեմ նաեւ, որ այդ բանաստեղծությունները երբեք ոչ մի անգամ չի հնչել հանրության համար: Գուցե պատճառը իր նախաբանում գրված զգացումնե՞րն են, չգիտեմ. «Սակայն դժվար է մտորումների դուռն ամենի առաջ բանալը:
Ավաղ, ցեխոտ ոտքերով եկեղեցի մտնողները դեռ շատ-շատ են: Առավել դժվար է, երբ ապրել ես այդ մտորումներից ծնված ընդհանրացումների երկունքի ցավը»:
ՍԴ նախագահի բանաստեղծությունները փիլիսոփայական աղերսներ ունեն ժամանակի, Կյանքի, Մահվան, Հավերժականի, այդ ժամանակի մաս կազմող մարդու, հայրենիքի, բնության հետ:
Արդյոք, փորձություն չէ՞ կյանքն այս երկրային`
Հավերժության շեմին
Հոգիդ ճանաչելու համար,
Թե՞ վիճարկված է ինձ կորցնել նաեւ…
Հավերժությունն այդ:
Գագիկ Հարությունյանի բանաստեղծության ամեն մի տողը վավերագրություն ,ասես, լինի, ապրված ու խորունկ է այն: Միեւնույն ժամանակ` այսօրեական:
Այցելե՞լ ես, արդյոք, դու շիրիմի,
Զրուցե՞լ ես այնտեղ ինքդ քեզ հետ,
Շիկացե՞լ են, արդյոք, այտերը քո,
Անցած կյանքիդ փուչ օրերի համար…
Իր «Ճակատագիր» բանաստեղծությունում այս դեպքում բանաստեղծ Գ.Հարությունյանը գրում է դիմելով Հային.
Սա է քո խաչը,
Դու նրա խիղճն ես,
Ու տիեզերքը երբեք չի փոխի,
Կրիային հեծած իր արշավանքը:
Երեկ եւ այսօր, ու այսպես հավետ,
Միշտ քեզանով է Աստված չափելու
Իր արարքների մարդկայնությունը…
«Սիրիր մերձավորիդ», «Ճանապարհ», «Երազ», «Փորձություն» բանաստեղծությունները գեղեցիկ ապրումների զարդատուփ են հիշեցնում, որը շարունակ ուզում ես բացել:
Իմ երազները…
Երանի այդպես էլ
Երազ մնան,
Ու կյանքն էլ մեր այս
Կյանքի նմանի,
Ու մարդն էլ, Աստծո
Կերպարանքն առած,
Այս հողագունդը չապականի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ