Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրիմինալ չէ: Նա կոչ էր արել, որ իրեն հավատան, քանի որ իր համոզմամբ՝ Սուրեն Խաչատրյանը ուղղակի մարզպետ է: Ավելին՝ ոստիկանապետն ասել էր, որ մարդիկ սիրում են չափազանցնել՝ նկատի ունենալով, որ Սուրեն Խաչատրյանի՝ տարբեր միջադեպերի հետ առնչությունն էլ չափազանցված է:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե ինքը հավատո՞ւմ է, որ Սյունիքի մարզպետը կրիմինալի հետ առնչություն չունի: «Իհարկե, չենք հավատում»,- պատասխանեց Հովսեփ Խուրշուդյանը՝ նշելով. «Մենք տեսանք այս տարիների ընթացքում իր կառավարման շրջանում պաշտոնավարումն ինչ միջոցներով իրականացրեց, ինչեր նա արեց: Տեսանք նաեւ իր պահվածքը թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ ընտրություններից հետո»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Սուրեն Խաչատրյանի մասին ինչ պատմում են՝ չափազանցված է, ինչպես կարծում է ոստիկանապետը՝ նա պատասխանեց. «Ես չեմ կիսում ոստիկանապետի կարծիքը: Չափազանցվածություն չկար: Մարդիկ շատ սթափ եւ համարժեք են գնահատում նման կարգի անձանց: Եվ եթե իրենք ամեն գնով ուզում են պահեն իրեն որպես մարզպետ, դրա արդյունքը կլինի այն, որ մյուս ընտրությունների ժամանակ, եթե, իհարկե, այս իշխանությունները մինչեւ մյուս ընտրությունները գոյատեւեն, իրենց պարտությունը կնշեն արդեն ոչ միայն Սյունիքում եւ Կապանում՝ նույնիսկ պաշտոնական տվյալներով, այլ արդեն այնպիսի զրոյական տոկոս կունենան, որ իրենց բոլոր լցոնումներով, կեղծարարություններով չեն կարողանա ապահովել նույնիսկ ամենախուլ գյուղում իրենց հաղթանակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ