«Երեք տարի նահանջեցինք: Սիրտս լցվում ա, չեմ էլ կարողանում խոսել… ահավոր վիճակ ա, մեծ ընտանիքներ ենք, այգիներով ենք ապրում, այգիներն էլ ըտենց եղան: Չգիտենք…»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ Aravot.am-ի հետ զրույցում նեղսրտած պատմեց «Սարդարապատ հուշահամալիր» ընկերության բարեկարգման բաժնի աշխատակցուհի Անահիտ Խաչատրյանը: Նա մեկն է կարկուտից տուժած գյուղացիներից: Տիկինը կառավարության կողմից տրամադրվելիք օգնություններից այդքան էլ ոգեւորված չէ: Դեռ ոչինչ չեն ստացել, սպասում են, բայցեւ հիշում է նախորդ տարիների փորձը, երբ հերթական կարկտահարությունից հետո էլի պաշտոնյաները եկել, խոսել, խոստացել, ցուցակագրել գնացել են եւ իբրեւ օգնություն, գյուղացիներն ընդամենը մի քանի կիլոգրամ սերմացու են ստացել:
Տիկին Անահիտն ասում է, որ կարկտահարությունը արտագաղթի հերթական փուլ է հասունացրել. «Շատ-շատ են գնացել արդեն, հիմա էլ, էս կարկուտից հետո, էլի ոտի են կանգնել: Մնան ի՞նչ անեն: Տղես 34 տարեկան ա, չեմ կարում ամուսնացնեմ, ոնց անե՞մ: Խանութներին պարտք ենք, պարտքով բերել ապրել ենք, ասել ենք՝ բերքը ծախենք կտանք: Էդ էլ չկա: Ամոթից խանութների կողքով չենք էլ կարում անցնենք: Բա էդ վարկերը ո՞նց փակենք»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ