Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ի հանձնարարականները ՀՀ իշխանություններին ու ՀՀ նախագահական ընտրությունների «պատկերը»

Մայիս 28,2013 17:29

«ՀՀ իշխանությունները պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար»,-օրեր առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված՝ «ՀՀ նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում» առաջնային հանձնարարությունների շարքում առանձնացվում է հետևյալ դրույթը: Ուսումնասիրության ընթացքում հաշվի է առնվել ՀՀ քաղաքական համատեքստը, իրավական դաշտը, ընտրական համակարգը, ընտրությունների կազմակերպման, լրատվական դաշտին, հետընտրական զարգացումներին վերաբերող հարցեր: Զեկույցում ամրագրված է, որ ընտրական օրենսդրությունը համապարփակ է և, եթե այն իրականացվի պատշաճ կերպով, ընդհանուր առմամբ նպաստավոր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության մակարդակը մնում է ցածր:

Անդրադառնալով ԿԸՀ կողմից գլխավորած ընտրությունները կազմակերպող մարմինների գործունեությանը՝ նշվում է, որ ընտրությունների վարչարարությունն իրականացրել են ընդհանուր առմամբ «արհեստավարժորեն»: Իսկ ԿԸՀ-ի գործունեությունը բնութագրվել է «բաց և թափանցիկ»: Բայց նաև նշվում է, որ ընտրությունների վերաբերյալ բողոքները քննելիս ընտրական հանձնաժողովները և դատարանները ընդհանուր առմամբ որդեգրել էին ձևական մոտեցում:

ԵԱՀԿ-ն արձանագրում է «սահմանափակ» քարոզարշավ, բայց նշում, որ «գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական գործունեությունը առավել տեսանելի էր»: Զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման փաստեր, ինչի արդյունքում ամրագրված է հետևյալը. «Սա չի ստեղծել «խաղի» հավասար կանոններ թեկնածուների միջև, ինչպես նաև չի տրամադրել ընտրողներին տեղեկացված ընտրություն անելու և պատժից երկյուղ չկրելով ազատորեն քվեարկելու հնարավորություն, ինչպես ամրագրված է ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությամբ»:

Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում «պաշտոնական և քարոզչական գործառույթների բաժանման աղճատմանը» և մանրամասնվում. « Ի լրումն, մի շարք նախընտրական շտաբներ գտնվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած կամ նրանց պատկանող շենքերում»:

Չնայած փաստվում է, որ ընտրությունների օրը ընդհանուր առմամբ խաղաղ ու հանդարտ էր, սակայն «գրանցվել են շատ հաճախ գործող նախագահի վստահված անձանց կողմից ընթացքին անտեղի միջամտելու, լարվածության կամ անհանգստության, տեղամասերի դրսում մարդկանց մեծ խմբերի առկայության և ներսում կուտակումների, ինչպես նաև քվեարկության ժամերին տեղի ունեցած մի շարք լուրջ ընտրախախտումներ»:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ՀՌԱՀ-ի գործունեությանը ու նշվում. «Պետք է քննարկել ՀՌԱՀ-ի իրավասությունների և ռեսուրսների ուժեղացման հարցը»:

Ներկայացված է լրատվադաշտի հետևյալ պատկերը. «Դիտարկված հեռարձակվող լրատվամիջոցները (բացառությամբ «ԱրմՆյուս»-ից, «Երկիր Մեդիայից» և «Ազատություն» ռադիոկայանից) լսարանին առաջարկել են ֆորմալ լուրերի լուսաբանում, որը մեծապես կենտրոնացած է եղել քարոզարշավի ընթացքում իրականացվող միջոցառումների, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական գաղափարների վրա, և հետևաբար չի տրամադրել նախընտրական ուղերձներին վերլուծական մեկնաբանում: Ի հակադրություն սրան` առցանց և տպագիր լրատվամիջոցները ներկայացրել են որոշ քննադատական մեկնաբանություն և վերլուծություն»:

Տպագիր մամուլի վերաբերյալ էլ նշվում է. «Պետության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետություն օրաթերթը կողմնակալություն է ցուցաբերել պարոն Սարգսյանի հանդեպ՝ նրան տրամադրելով թեկնածուների լուսաբանման համար հատկացված ծավալի 21 տոկոսը՝ ընդհանուր դրական երանգով: Ի հավելումն, օրաթերթը իշխանություններին է հատկացրել 36 տոկոս լուսաբանում՝ դիտարկված բոլոր լրատվամիջոցներից ամենաբարձր տոկոսը: Մյուս կողմից, «Հայկական Ժամանակ» մասնավոր օրաթերթը հստակ կողմնակալություն է ցուցաբերել պարոն Սարգսյանի հանդեպ՝ նրան տրամադրելով 39 տոկոս խիստ քննադատական լուսաբանում: «Հայկական Ժամանակի» կողմից պարոն Հովհաննիսյանը և պարոն Բագրատյանը ներկայացվել են բավական հավասարակշռված կերպով»:
Զեկույցի հանձնարարականներ բաժնում նշվում է, որ «իրավական դաշտը պետք է փոփոխվի, որպեսզի բացառվի երկակի ընտրությունը և պարզեցվի ընտրություններին առնչվող դիմումների և բողոքների գործընթացը: Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է բողոք ներկայացնելու իրավունքը, այն տրամադրելով միայն նրանց, ում անձնական ընտրական իրավունքները վտանգված են, այդպիսով զգալիորեն սահմանափակելով ընտրողների և դիտորդների դատական պաշտպանություն ակնկալելու իրավունքը՝ ընտրական իրավախախտումների դեպքում»:

Նշվում է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի քարոզարշավի համար պաշտոնական դիրքի և վարչական միջոցների չարաշահումը սահմանվի որպես հանցագործություն:

Ըստ ԵԱՀԿ-ի՝ այն դրույթը, որը բոլոր դատապարտյալներին, անկախ իրենց կատարած հանցագործության ծանրությունից, զրկում է ընտրական իրավունքներից, պետք է փոփոխվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031