Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը հրաժարվել է 300 հազար դրամից (Տեսանյութ)

Մայիս 28,2013 17:25

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը 300 հազար դրամ՝ իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կարկտից տուժած գյուղացիների օգնության ֆոնդին: Այսօր այդ մասին ի պատասխան լրագրողների հարցերի՝ նախարարն ասաց Սարդարապատի հուշահամալիրում՝ տոնական շքերթի մեկնարկից առաջ: Նա ասաց, որ գյուղացիների օգնության այդ ֆոնդերը ինքնաբուխ են ու անհատների նախաձեռնություն, ինչը չի նշանակում, որ պետության հոգածությունն ավելի պակաս պետք է լինի:

Նախօրեին մամուլի ասուլիսում արմավիրցի պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանի գյուղատնտեսության անմխիթար վիճակը նաեւ գյուղատնտեսության մասին օրենքի բացակայությունից է գալիս: Սերգո Կարապետյանը համաձայնեց այդ դիտարկման հետ. «Շատ ճիշտ է ու այս մեկ տարին մենք արդեն զբաղվում ենք այդ օրենքի մշակմամբ ու մինչեւ աշուն, տարեվերջ, ԱԺ-ն այն կհաստատի: կարելի է ասել՝ արդեն պատրաստ է, հիմա բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկում է գնում, վերամշակվում է, վերախմբագրվում է ու մինչեւ տարեվերջ այդ օրենքը մենք կունենանք»:

Նախարարն առայժմ ձեռնպահ մնաց «գաղտնազերծելու» գյուղատնտեսության մասին ՀՀ օրենքի հիմնադրույթները, մասնավորաբար, թե գյուղատնտեսական ո՞ր ուղղություններն են ռազմավարական համարվելու: Ասաց՝ դեռ վաղ է մանրամասների մասին խոսել, կլինի՝ կիմանաք:

Սերգո Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ կարկտից տուժած բնակավայրերում արդեն սկսվել են օգնությունների բաշխումը, մասնավորապես, անվճար սերմացուի տրամադրումը:

Ի դեպ, նախորդ շաբաթ խորհրդարանում Արմավիրի մարզի 50 համայնքների կարկտից տուժած բնակիչների հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հորդորել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանին հեռացնել աշխատանքից այն անձնավորությանը, ով նախարարի համար ելույթ էր գրել: Բանն այն է, որ նախարարը իրեն ուղղված հարցին պատասխանելու փոխարեն սկսել էր ընթերցել իր նախօրոք նախապատրաստած ելույթը: Դա բարկացրել էր դաշնակցական պատգամավորին և վերջինս նախարարին հորդորել էր. «Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ և հեռացնել այն աշխատողին, որը գրել ու այդ տեքստը տվել է Ձեր ձեռքը: Ես ձեզ կոնկրետ հարց եմ տվել, հարցիս պատասխանեք, բայց դուք ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք»: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք գյուղնախարարը հետևել է դաշնակցական պատգամավորի հորդորին և աշխատանքից հեռացրել այդ աշխատակցին: «Ոչ մի բան էլ չարեցի»,-ասաց գյուղնախարարը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031