«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկեց Արցախը ներկայացնող «Երեք իրիսներ» ֆիլմով: 15 րոպեանոց վավերագրական ֆիլմի առաջին վայրկյաններից էկրանին է հայտնվում 26-ամյա Արմինե Նարինյանը, ով փորձում է հեծանիվի վրա հավասարակշռությունը պահել: Հետո հիշում է, որ պատերազմի օրերին հայրը նարնջագույն հեծանիվ էր նվիրել, որն իր մնացած բոլոր խաղալիքների հետ ընտանիքի ավագ անդամները թաքցրել էին պահոցում, որպեսզի հնգամյա աղջնակը դրանցով չտարվի եւ թշնամու ռմբակոծության զոհ չդառնա:
Ֆիլմը գլխավորապես հիմնված է Արմինեի մանկական ու հոր մասին հիշողություններով: Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Արցախյան ազատամարտում զոհված հոր մասին ամենամնայուն հիշողությունը, թերեւս, այն թվով երեք իրիսներն են, որ հայրը միշտ գրպանում բերում էր Արմինեի համար:
«Երեք իրիսներ» ֆիլմի ռեժիսոր Քնար Բաբայանը «Նոֆի» փառատոնին մասնակցելու, իր ֆիլմն ու լուսանկարները ներկայացնելու համար եկել է Ստեփանակերտից:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ «Երեք իրիսներ» ֆիլմն իր թվով երկրորդ ֆիլմն է ու ի սկզբանե նկարված է եղել որպես դիպլոմային աշխատանք:
Կարդացեք նաև
«Երբ Կովկասյան ինստիտուտի մագիստրատուրայում էի սովորում, իմ ավարտական աշխատանքը կանանց եւ երեխաների հիշողությունները Արցախյան պատերազմից թեմայով էր: Ու միտք կար, որ դրա հիման վրա ինչ-որ ֆիլմ էր պիտի նկարեի: Հերոսուհին իմ ընկերուհին է»:
Քնար Բաբայանը մեզ նաեւ պատմեց, որ առաջին անգամ է մասնակցում նմանատիպ փառատոնի:
«Սա առաջին դեպքն է: Իմ ընկերներիցս մեկն ասաց, որ այսպիսի փառատոն է լինելու: Մինչ ֆիլմը նկարելը, Ֆրանսիայից ուսանողներ եկան, ասացին, որ իրենք էլ փառատոն ունեն: Հիմա իմ ֆիլմը դրված է քվեարկության, եթե քվեարկությունն անցնի, կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող վեցերորդ մարդասիրական ֆիլմերի փառատոնին»,- նշեց ֆիլմի ռեժիսորը՝ հավելելով, որ ինքը մասնագիտությամբ լրագրող է ու փորձում է հանդես գալ նաեւ այդ ասպարեզում:
Մենք Քնարից հետաքրքրվեցինք, թե արդյոք հատո՞ւկ է արված, որ ֆիլմի գլխավոր հերոսուհին խոսում է Արցախի բարբառով:
«Ես գիտեի, որ ինչ-որ տեղ գուցե խնդիրներ առաջանան, բայց այդ մարդու ողջ էությունը հենց լեզվի միջոցով է արտահայտվում»,-պարզաբանեց նա:
«Երեք իրիսներ» ֆիլմը ցուցադրվեց «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ոչ պրոֆեսիոնալ, հեղինակային ֆիլմերի անվանակարգում: Քնար Բաբայանը նաեւ մասնակցում է փառատոնի «Սա Հայաստանն է» լուսանկարչական մրցույթին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ