«Այսօրվա խորհուրդը պարտավորեցնող է` միասնական կերպով կարող ենք հասնել հաջողությունների և յուրաքանչյուրս պետք է մեր գործին ու պարտականություններին վերաբերվենք չափազանց պատասխանատու»,-այսօր Սարդարապատում տոնական շքերթից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մայիսյան հաղթանակները շատ խորհրդավոր են մեր պատմության համար: Դրանք հերոսապատումներ են, որոնք համապատասխան ոգեղեն ուժ են տվել ժողովրդին հետագա մեր արարումներում պայքարելու, հաջողություններ ունենալու և հաղթելու համար»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ մայիսյան ճակատամարտերի ժամանակ ընդգծվեց հայ ժողովրդի արիությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր էլ մեր երկրի դեմ ագրեսիայի կազմակերպման, մեր ժողովրդի խաղաղությունը խաթարելու դեպքում մենք միասնական կպայքարենք երկրի անվտանգության համար:
Լրագրողները հետաքրքրվեցին՝թե որքանո՞վ են այսօր պատրաստ ՀՀ զինված ուժերը դիմակայել թշնամուն: Նախարարն ասաց. «Մենք քանակի հետևից չենք ընկնում, մենք որակական պատրաստության, յուրաքանչյուր զինվորի և յուրաքանչյուր ստորաբաժանման ներդաշնակման ետևից ենք գնում: Ու նաև բարոյահոգեբանական մթնոլորտի: Բացի այս, Զինված ուժերին գնահատական կարող են տալ միջազգային կառույցները…. Զինված ուժերն ամեն օր պատրաստ են պատերազմի. մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե լինի պատերազմ, ապա մենք պատվով և անձնուրաց կռվելու ենք մեր հայրենիքի համար»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ներկայիս ստատուս-քվոն ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ, Սեյրան Օհանյանը նշեց, որ այն գործընթացը, որ որդեգրել է ՀՀ ղեկավարությունը, ճիշտ է. «Մենք բոլորս կողմնակիցն ենք դրան, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ իրականացվող այս ամբողջ գործընթացը, երկար տարիների ընթացքում, այնուամենայնիվ, ապահովել է այսօրվա խաղաղությունը: Գտնում եմ, որ հակամարտող կողմերը այսօր էլ դեռ ամբողջությամբ իրենց ուժերը չեն ներդրել և փորձում են ցուցաբերել կառուցողական մոտեցում, որպեսզի խաղաղ պայմաններում այս հարցը լուծում ստանա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ