Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոմատոլոգիական կլինիկաները փակվում են, աշխատատեղերը` կրճատվում (Տեսանյութ)

Մայիս 28,2013 17:14

Այսօր հանրապետության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առողջապահության նախարարի միջնորդությամբ, «Արտոնագրային վճարների մասին օրենք»-ում ստոմատոլոգներին առնչվող որոշ կետեր բարեփոխելուց հետո էլ ստոմատոլոգների հոգսը չի թեթեւացել եւ շատ կլինիկաներ փակվում են, աշխատատեղերն էլ՝ կրճատվում: Մեր հարցին, թե ինչո՞ւ միանգամից մարեց ստոմատոլոգների կողմից մեծ ալիք բարձրացրած ակցիան, պարոն Եսայանը վստահեցրեց, որ չի մարել, եւ որ շատերը դեռ բողոքում են կատարված փոփոխությունների դեմ: Լազար Եսայանի մեկնաբանությունները` տեսանյութում

Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում պարոն Եսայանը ներկայացրեց Հայաստանում, այնուհետեւ մայիսի 25-26-ին Վրաստանում կազմակերպված ստոմատոլոգների հայ-վրացական վեհաժողովի ընթացքը: Այն կազմակերպվել էր առաջին անգամ, որի ժամանակ քննարկվել են մասնավորապես իմպլանտոլոգիային վերաբերող հարցեր:

Ըստ Լազար Եսայանի, մասնագիտական հմտություններով Հայաստանը Վրաստանի համեմատությամբ ավելի բարձր դիրքերում է. «Հայ մասնագետները այն մարդիկ են, որոնք նորությունը դեռեւս դուրս չեկած՝ Հայաստանում կիրառում են: Պարզապես, հաշվի առնելով այդ տեխնիկայի թանկ լինելը, սարքավորումները մի փոքր ուշացումով են մեզ մոտ գալիս»:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի` ԱՄՆ-ից Հայաստան ժամանած մասնագիտությամբ հիգիենիստ-ստոմատոլոգ Կարինա Մաթեւոսյանի խոսքերով, սխալ է այն մոտեցումը, թե մարդիկ ատամները կորցնում են տարիքի հետ. «Մարդը կարող է մինչեւ իր կյանքի վերջ մնալ սեփական ատամներով, եթե ճիշտ խնամի բերանի խոռոչը»: Հիգիենիստ-ստոմատոլոգ մասնագետ Հայաստանում այսօր չկա, սակայն, ինչպես տիկին Մաթեւոսյանն է վստահեցնում, քաղաքակիրթ աշխարհում ամենահարգված մասնագիտությունների թվին է այն պատկանում: Նախքան գործը ստոմատոլոգին հասնելը, մարդու ատամներով զբաղվում է հիգիենիստ-ստոմատոլոգը, որը բերանի խոռոչը զննելուց հետո, եթե ատամների հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում, ուղեգրում է ստոմատոլոգի մոտ, եթե ոչ` պրոֆիլակտիկ միջամտությունը հենց ինքն է անում:

Ըստ տիկին Մաթեւոսյանի, այս մասնագետների առկայությունը Հայաստանում անհրաժեշտություն է` ատամների հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կանխելու համար: Սակայն Կարինա Մաթեւոսյանը Հայաստանում գտնվելու օրերին պարզել է, որ հայերը բժշկի են դիմում միայն հիվանդության ծայրահեղ վիճակում:

Լազար Եսայանի խոսքերով, մեր բուհերում առայժմ չունենք հիգիենիստ-ստոմատոլոգ պատրաստելու ծրագրեր: Ուստի հանրապետության գլխավոր ստոմատոլոգը դժվարացավ ասել, թե առաջին մասնագետներն այս գծով երբ կունենանք: Իսկ մինչ այդ, տիկին Մաթեւոսյանը խորհուրդ տվեց օգտվել ատամները թելով մաքրելու եղանակից, քանի որ, ըստ նրա, միայն խոզանակելը բավարար չէ սննդի մնացորդներից ազատվելու համար: Բացի այդ, խոզանակով հաճախակի մաքրել նաեւ լեզուն. «Նույն փառը կա նաեւ լեզվի վրա, այդ պատճառով այն նույնպես պետք է մաքրել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031