Լրահոս
Օրվա լրահոսը

Արքայազն Չարլզը եկել է Հայաստան հա՞նք բացելու (Տեսանյութ)

Մայիս 28,2013 17:12

akcia2cuycԱրքայազն Չարլզին կդիմավորեն բողոքի ակցիայով. այսօր ժամը 17.00-ին նախատեսվում է արքայազնի այցը Մատենադարան, իսկ բնապահպան-ակտիվիստները որոշել են հենց Մատենադարանի մոտ հայերեն եւ անգլերեն լեզուներով գրված՝ «Հայաստանն առանց բրիտանական ցիանիդի», «Մեր ոսկին մեր բնությունն է», «Բրիտանական հանքարդյունաբերությունը սպանում է մեզ, կանգնեցրեք» պաստառներով:

Ակտիվիստները դեռ վաղ առավոտից ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին պատրաստվում դիմավորել արքայազնին, հետո պարզել են, որ թագավորական ընտանիքի անդամը այցելելու է Մատենադարան, ուստի դեռ կեսօրից ակտիվիստները հավաքվել էին Մատենադարանի մոտ:

Aravot.am-ի հետ զրույցում «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Աննա Շահնազարյանը բնապահպանների մտահոգությունը փոխանցեց, թե ինչու են որոշել ակցիայով դիմավորել արքայազնին. «Մեզ մտահոգում է, որ ինքը եկել է այստեղ հանքարդյունաբերական ծրագրում ներգրավված Արմեն Սարգսյանի (ՀՀ նախկին վարչապետ.Ն. Բ. ) հրավերով, որը բավականին ազդեցիկ մարդ է արտասահմանում եւ Մեծ Բրիտանիայում, վերջերս էլ նրան ներգրավել են Ամուլսարի հանքի հետ կապված ծրագրին, որպեսզի նա կարողանա իր ազդեցությունը ներգործել: Մեզ համար զարմանալի է, որ նման մարդ հրավիրում է թագավորական ընտանիքի անդամին եւ մենք կասկածներ ունենք, որ դա կարող է արվել իրենց Ամուլսարի ծրագիրը գովազդելու համար»:

Բնապահպաններն այս ակցիայով փորձելու են արքայազնին ներկայացնել Ամուլսարի հանքի շահագործման հետեւանքով առաջացող վտանգներն ու ռիսկերը. «Մասնավորապես, իսպառ կվերացնի առողջարանային տուրիզմը Ջերմուկում, ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ջրային պաշարների հետ, որովհետեւ ստորգետնյա ջրերը հետազոտված չեն, հենց ինքը՝ Ամուլսարն էլ հետազոտված չէ: Եթե հաստատվի ոսկու կորզման ֆաբրիկայի տեխնոլոգիան, իսկ ֆաբրիկան գտնվում է Սեւանա լճի ավազանում, եւ ցանկացած տեսակի արտահոսք ազդելու է Սեւանի եւ ամբողջ Հայաստանի վրա: Մենք ուզում ենք արքայազնին տեղեկացնել այդ մասին, գիտենք որ ինքը բնապահպան է, եւ հատկապես վայրի բնության պաշտպանությամբ է հանդես գալիս, նաեւ Մեծ Բրիտանիայի վայրի բնության հիմնադրամի պատվավոր նախագահն է, եւ կարծում ենք, թեեւ Արմեն Սարգսյանի սրտին չենք հասնի, քանի որ նա բնապահպանության հետ որեւէ կապ չունի, չի էլ ունենա, բայց արքայազնն ունի, նա կհասկանա մեր մտահոգությունները»:

Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ Ուելսի արքայազնը իրենց կհասկանա, քանի որ Բրիտանական դեսպանատնից ակտիվիստներին տեղեկացրել են, որ արքայազնը չգիտի էլ՝ Ամուլսարում ինչ բրիտանական ներդրումների մասին է խոսքը, եւ, ինչպես Աննա Շահնազարյանն ասաց` գուցեեւ բնապահպան Չարլզը ճանաչի իր ընկեր հակաբնապահպան Արմեն Սարգսյանին: Բնապահպանի խոսքերով` «Սկզբում խոսակցություն կար, որ ինքը եկել է հանք բացելու, եւ ընդհանրապես վրդովեցուցիչ է, այնուամենայնիվ, եթե նա այս այցելության ընթացքում դա չի անելու, մենք ուզում ենք, որ նա, եթե դրական ազդեցություն չի կարող ունենալ հանքը կասեցնելու հարցում, գոնե զերծ մնա»:

«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագծին պաշտոնական մի քանի բացասական եզրակացություններ է տրվել. Նախ, ըստ տիկին Զառաֆյանի, խախտվում է «Սեւանի մասին» օրենքը, «Ընդերքի մասին» օրենքը, մի շարք միջազգային չափանիշներ ու կոնվենցիաներ:

Մեզ հետ զրույցում Աննա Շահնազարյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ դեռ 2002 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել Ամուլսարը ազգային պարկ դարձնելու վերաբերյալ, եւ մինչեւ 2008 թվականը այդ ուղղությամբ աշխատանքային գործողություններ էր կատարվում, բայց այսօր դա կասեցվել է, եւ փաստորեն, ազգային պարկի փոխարեն հանք է բացվում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031