Այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի 95- ամյակի օրն, ավանդույթի համաձայն, Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարությունների շարքը մեկնարկեց Սարդարապատի հուշահամալիրի հրապարակում պաշտոնական արարողությունից, որին ներկա էին ՀՀ բարձրագույն քաղաքական եւ հոգեւոր իշխանությունները:1918 թվականի այս օրը մայիսյան հաղթանակներով՝ Սարդարապատ, Բաշ- Ապարան, Ղարաքիլիսա, հիմք դրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը:
«Եղեք միասնական: Եղեք պետականորեն կազմակերպված: Ապավինեք սեփական ուժերին»,- այս պատգամներն այսօր Սարդարապատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխանցեց երիտասարդներին՝ հիշեցնելով Սեւակի խոսքերն, ով ասել էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»:
Այնուհետեւ նախագահ Սարգսյանն իր խոսքում շարունակեց. «Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ»:
Ըստ նախագահի, եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր, նույնիսկ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր. «Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:
1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի, մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը»:
Կարդացեք նաև
Նախագահի խոսքով, 95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում. «Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորով: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ոչ պատրանքներ և ոչ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու»:
Սարդարապատ հուշահամալիրում տոնական շքերթ էր կազմակերպվել, եղան ցուցադրական ելույթներ: Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արարողությանը ներկա չէին ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ծաղկեպսակներ կային նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Արցախի հայկական հանրապետության ղեկավարության անունից:
Ի դեպ, նախագահական շքախմբում էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը պաշտոնական պատվիրակության մեջ առանձնանում էր իր հագուկապով՝ սպիտակ կոստյումով եւ կարմիր շապիկով: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն օրվա խորհուրդն այսպես ներկայացրեց. «Հզորություն, բարեկեցություն, կարգուկանոն, բարգավաճում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ բացի կոալիցիոն ուժերից, արարողությանը ներկա չեն նաեւ ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները: Ծառուկյանը խորհուրդ տվեց հարցնել իրենցից: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին լրագրողներից «փրկեց» նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է, կուսակցության այլ ներկայացուցիչներ ներկա չէին: Ներկա չէին նաեւ Դաշնակցությունից եւ Հայ Ազգային կոնգրեսից: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելը Կոնգրեսը հիմնավորում է նրանով, որ Սարդարապատ ամենամյա այցելության ավանդույթ չկա: Սարդարապատ չէր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա այցելել էր Գյումրի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աղետալի է, սարսափելի է, նողկալի է: