Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրեցիների բաց նամակը՝ ՀՀ նախագահին

Մայիս 28,2013 00:18

«Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի. Այգեձորի պղինձ-մոլիբդենի /Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր/ հանքավայրերը…

Այժմ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում…»:

Այս տեղեկատվությունը վերցված է ՀՀ նախագահին ուղղված Մեղրու համայնքի ավագանու 25.01.2013թ. ուղերձի պատասխանից, որը ստրագրված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից: /27.03.2013  № 5/33/50851/

Վերոհիշյալ հանքավայրերի շահագործումը աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրիի տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան:

Այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Մեղրի գետի վրա այժմ կառուցվում են 9 ՀԷԿ-եր, որոնց գործարկման պայմաններում կոչնչանա զգալի տարածքով բուսածածկույթ: Ովքե՞ր են տերերն այս կառույցների…

Մեղրու տարածաշրջանի նման ստրատեգիական տարածքի  վրա նմանատիպ էկոլոգիական  գրոհը հղի է աղետալի հետևանքներով: Հրաշալի բնակլիմայական պայմանների և մեղրեցու  քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված մրգի այգիներն այսօր վերացման վտանգի տակ են: Չորանում են ընկուզենիները, թթենիները, կեռասենիները, դեղձենիները: Ծիրանենիները վաղուց ի վեր եզակի ծառատեսակներ են մեր տարածաշրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվելն ապարդյուն և անօգուտ է. մեղրեցին լքում է իր հողը, որը տարիներ ի վեր նրան պահում էր սահմանային  այս տարածքում:

Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ նշում են, որ զգալիորեն լավ են զգում Մեղրիից դուր, կարգավորվում է արյան ճնշումն առանց դեղորայքի կամ դեղերի նվազագույն դեղաչափերի օգտագործման, վերանում է հոդերի առավոտյան կարկամությունը,  անցնում է գլախացավը և վերականգնվում է մարդկանց աշխատունակությունը: Այս հանգամանքը ևս մարդկանց ստիպում է լքել Մեղրին…:

Վերոհիշյալ էկոլոգիական իրավիճակը տագնապ է առաջացնում և կրկին ու կրկին հաստատում այն մտահոգությունը, որ ահագնացող այս վտանգը հղի է լուրջ  հետևանքներով: Մեղրին այլևս անպիտան կլինի որպես բնակավայր, կդատարկվեն համայնքերը և կիրականան ազգի թշմանիների վաղեմի երազանքները տեսնել  Մեղրին ամայի տարածք և օգտագործել այն ընդամենը որպես միացման ճանապարհ:

Որպես վերջաբան հիշեցնում ենք Վազգեն Սարգսյանի «…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը» ստեղծագործությունից մի հատված. «Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ:…: Եթե տան, ավելի վատ: Որովհետեւ իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով»:

Մեղրեցիները մտահոգված են  տարածաշրջանի նկատմամբ վարվող այս սպառողական քաղաքականության աղետալի հետևանքներով:

Մարդկային կյանքերի և տարածքների ամայացման գնով  մի´ իրականացրեք անհատներին հարստացնելու և «Մեղրին՝ առանց մեղրեցու»  քաղաքականությունը:

Մեղրեցիներ

 

Հ.Գ

Մեղրեցիներին մտահոգող  խնդրին «Առավոտ»-ը  մանրամասը կանդրադառնա առաջիկա հրապարակումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031