Այսօր ժամը 22-ի սահմաններում Սյունիքի մարզի Ծավ գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով սկսվել են այրվել 2 հոսանքափոխարկիչները (տրանսֆորմատորները): Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը դեպքի վայրից մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ հրդեհի բռնկման հավանական պատճառը կայծակն է եղել, այժմ վտանգ չկա հրդեհի տարածման, ՀԷԿ-ի աշխատողները տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել, դեպքի վայր են ժամանել նաեւ հրշեջ-փրկարարները, որոնց օգնությամբ հրդեհը շատ շուտով կմարվի:
«Արդեն վտանգ չկա, հրդեհը մարման փուլում է, 2 տրանֆորմատորն է վառվել, ներսում եղած յուղն է վառվում, մոտ 1.5-2 տոննա յուղ է լինում դրանց մեջ, հրդեհի տարածման վտանգ այս պահին չկա: Անբարենպաստ եղանակի պատճառով է հավանաբար հրդեհ բռնկվել, աշխատողներն են նկատել բռնկված հրդեհը եւ տեղում հրդեհաշիջման աշխատանքներ տարել, հրշեջ-փրկարարներն արդեն գյուղում են, շուտով արդեն կրակն ամբողջությամբ կմարեն», – տեղեկացրեց Ծավի գյուղապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ