Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսօր մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի դիտարկումներից տպավորություն ստացավ, որ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է եւ ասելու բան չունի:
«Ռուսաստանից եկած քաղաքական գործիչը չբերեց իր հետ որեւէ նոր մեսիջ: Այս ամենը մենք լսել էինք տասը տարի առաջ: Ռուսաստան, կայսրություն, բարեկամական վստահության վրա հիմնված հարաբերություններ: Այս ամենը այլեւս չի կարող ծածկել այն դատարկությունը, որը կա հայ-ռուսական հարաբերություններում, եւ այդ ճգնաժամը նման քարոզով անհնար է ծածկել»,-Aravot.am եւ Tert.am-ի լրագրողներին ասաց պարոն Ղուկասյանը:
Նրա խոսքերով, Եվրազես, թե ԵՄ որոնումների մեջ Հայաստանը չի կարող ունենալ օբյեկտիվ, կառուցողական խոսակցություն. «Այլ ինչ-որ ընդհանուր էմոցիոնալ ու շատ մակերեսային գնահատականների վրա կլինեն նույն հարցերը՝ Ռուսատա՞նն է լավը, թե՞ Իրանը, թե՞ Թուրքիան: Նման եղանակով չի ձեւավորվում այս հարցադրումը: Առաջին հերթին ազգը պետք է ունենա կամք, ձգտում ապրել ինքնուրույն՝ թե անվտանգության, թե տնտեսական հարցերում: Այս դարում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ժողովուրդ կարողանա իր համար ինքնուրույն արտադրի ուտելիք, հագուստ, քաղաքաշինական պայմաններ ստեղծի, ով որ ունակ չէ ստեղծելու, նա մրցունակ չէ այս աշխարհում»:
Նա համաձայն չէ քաղաքագիտական այն գնահատականների հետ, թե Ռուսաստանը մտահոգություն ունի, որ Հայաստանը կընտրի ԵՄ-ը. «Հայաստանը երբեք չի կարող շրջվել դեպի Եվրոպա, որովհետեւ հայկական էլիտան ունի որոշակի անցյալ, նաեւ հանցավոր անցյալ: Իսկ նման քաղաքական էլիտան չի կարող տեղ ունենալ Եվրոպայում: Սա, իմ կարծիքով, քաղաքականություն է Եվրոպայից փող ստանալու համար: Դրանից ավելին ոչ ես, ոչ էլ իմ կարծիքով Ռուսաստանը չի դիտարկում»:
Կարդացեք նաև
Պարոն Ղուկասյանը գազի սակագնի թանկացումը չի կապում ռուսական կողմի ճնշումներով. «Գազի թանկացումը մեր կառավարության ցանկությունն է: Կառավարության համար ամենակարճ ճանապարհը բյուջեի եկամուտները մեծացնելու երկրում գները բարձրացնելով է: Կառավարությունը ի վիճակի չէ պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, դրա համար ստիպված է գների բարձրացման միջոցով այդ հոգսերը դնելով բնակչության վրա պետական եկամուտների անհրաժեշտ աճը ապահովել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ