Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կայանալու է երեքշաբթի օրը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու պատճառների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արման Սաղաթելյանը պատասխանեց միայն, որ «նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»:
Հայաստանը ներկայացված է բիշքեկյան գագաթնաժողովին: Երեկ Բիշքեկ են մեկնել Հայաստանի Ազգային անվտանգությկան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այսօր Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ, ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը, քննարկվել են «կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը»:
Կարդացեք նաև
Նիստի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, ուր հիշատակվում է ղարաբաղյան խնդիրը. ՀԱՊԿ անդամ երկրները, մասնավորապես, կարեւորում են խնդրի «բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»` հաշվի առնելով տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը, այսօր Բիշքեկում հանդիպում են ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները, որի ժամանակ քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Բիշքեկից հեռախոսով փոխանցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնատդինովը, բիշքեկյան գագաթնաժողովին նախագահի մակարդակով ներկայացված չէ նաեւ Բելառուսը: