Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանելով ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ Aravot.am-ի հարցերին,, մասնավորապես նրան, որ նվազագույն աշխատավարձը 2014 թվի հունվարի 1-ից պետք է դառնա 46 հազար դրամ, 2015 թվի հունվարի 1-ից՝ 56 հազար՝դրամ, ապա՝ 66 հազար, հետո՝ 75 հազար դրամ, ասաց. «Նախ դա բավարար չէ սպառողական զամբյուղի համար, սակայն ամեն ինչից բացի, եթե նվազագույն աշխատավարձը դառնա 75 հազար դրամ, ապա մասնավոր գործատեղերում բազմաթիվ աշխատողներ կկրճատվեն: Գործատուները կնվազեցնեն աշխատատեղերը, առանց այն էլ հիմա ինքնաշխատ մարդկանց դուրս են մղում»:
Խառատյանի խոսքով՝ երեկ Մասիվի շուկայում ինքն ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ պատրաստվում գնալ երկից, քանի որ, նույնիսկ այդ շուկայի տեղում սուպերմարկետ են սարքում, չնայած այն բանին, որ հարեւանությամբ արդեն մեկ սուպերմարկետ գործում է:
Խառատյանը նշեց. «Հավատում եմ, որ աշխատավարձերը կարող են աստղաբաշխական թվերով բարձրանալ, բայց աշխատողների թվերն էլ զուգահեռաբար իջնել: Նվազագույն աշխատավարձի բարձրացումն անկախ նրանից, թե ինչի հաշվին է լինելու, կստեղծի ստվերային հարաբերություններ: Բոլոր տեսակի աշխատավարձային հաշվարկները կատարվում են նվազագույն աշխատավարձով, այդ թվում՝ մասնավոր գործատուի մոտ աշխատանքները, հետեւաբար կամ աշխատողները կկրճատվեն, կամ էլ՝ մարդիկ կաշխատեն առանց աշխատանքային պայմանագրի, որից հետո սոցիալական վճարներ չեն տրվի, ու կստացվեն ստվերային հարաբերություններ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի