«Իմ վերջին սիրուց հիասթափված էի: Երկար ժամանակ չէի սիրահարվում, կարծում էի` սիրո կարիքը չեմ զգում, բայց երկու տարվա ընթացքում հասկացա, որ ամենից շատ դրա կարիքն եմ զգում»,-ասում է 21-ամյա Լուիզան: Նրա խոսքով ՝ այն մարդն, ով չի սիրում, ինչքան էլ որ գոհ լինի իր կարգավիճակից, միևնույն է , կյանքը չի ապրում այնպես, ինչպես սիրողը . «Անձամբ ես շատ էի ձանձրանում, թեպետ ընկերուհիներս, ովքեր զուգընկեր կամ նշանած ունեին, երանի էին տալիս ինձ, թե ազատ եմ, անում եմ այն, ինչ ուզում եմ: Իրականում ես ինչ-որ բաներ անելու ցանկություն համարյա չունեի»: Նա վճռում է ՝ պետք է անհապաղ սիրահարել: Երկար ժամանակ չի հաջողվում, որովհետև հարմար թեկնածու չի գտնում: Իր խոսքով ՝ դա այդ տարիների ընթացքում առավել բծախնդիր ու քմահաճ դառնալու արդյունքն էր. «Ես ուշադրություն էի դարձնում տղայի կոշիկների մաքրությանը, որ հանկարծ մի բիծ չլիներ, ինձ դուր չէին գալիս վատ սափրված տղաները, նրանց անխնամ եղունգները: Չէի սիրում ծխող տղաներին, բաց եթե ծխում էին, մեծ ուշադրություն էի դարձնում, թե ինչպես են ծխում, որ ուղղությամբ են ծուխը փչում և էլի մանրուքներ (ծիծաղում է-հեղ.) : Երկար փնտրտուքներից հոգնած՝ որոշում է նահանջել, այլևս չմտածել սիրահարվելու ուղղությամբ. «Հոգնեցի, հասկացա, որ ինչքան շատ մտածեմ, այնքան ավելի շատ կնյարդայնանամ և չեմ սիրահարվի»:
Արդեն հաշտվել էր այդ մտքի հետ, երբ իսկապես սիրահարվում է : Արշակին հանդիպում է իրենց շենքի բակում. առաջին անգամ եկել էր բարեկամներից մեկին այցելության: Լուիզային տեսնելով` հարցնում է՝ թե արդյոք չէր սխալվել հասցեի հարցում. «Պարզվեց մեզանից մի հարկ վերև է ապրում: Ես ուղեկցեցի նրան: Աստիճաններով բարձրանալիս ցույց տվեցի, թե որտեղ եմ ապրում, իսկ երբ ասացի, որ նրա ծանոթի հետ լավ հարևաններ ենք, ժպտաց ու ասաց՝ ավելի լավ, այսուհետ հաճախակի կգա և ինձ էլ կհրավիրի»:
Լուիզան այդ գիշեր երկար մտածում է. սիրահարվե՞լ էր, թե՝ ոչ. «Մի բան հաստատ կատարվում էր ինձ հետ, այդ օրը չհասկացա, բայց հաջորդ օրվանից համոզվեցի՝ սիրահարվել եմ. նա գեղեցիկ է, բարձրահասակ, բայց մի բան կա, որ ինձ դուր չի գալիս՝ գանգուր մազերը: Չեմ սիրում, որ տղան խուճուճ մազեր ա ունենում»:
Տղան հաճախակի է այցելում իր բարեկամին և առիթը բաց չի թողնում Լուիզային տեսնելու համար: Նա ևս սիրահարվել էր առաջին հայացքից. «Ճիշտ է, նա ինձ պես սիրահարվելու նպատակ չէր դրել, բայց խոստովանեց, որ ինձ հեռվից էր նկատել և իրականում մի երկու անգամ եղել էր իր բարեկամի տանը, բայց չէր ցանկացել բաց թողնել ինձ հետ ծանոթանալու հնարավորությունը»:
Լուիզան որոշ ժամանակ անց նկատում է, որ սիրահարվածությունը վերածվում է սիրո և որ պատրաստ է հարաբերությունները լրջացնելու՝ Արշակի հետ ընկերություն ունենալու համար. «Սերն ինքը եկավ ինձ այցի ու շատ հարցերում փակեց աչքերս. ես այլևս չեմ տեսնում նրա խուճուճ մազերը, ինձ համար ամենակարևորը նրա սերն ու ջերմությունն է»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան