Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկ գայլը կերավ, մեկ` կարկուտը».գյուղապետը վնասների մասին

Մայիս 27,2013 17:52

Դեռ մայիսի 12-ին Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում տեղացած ուժեղ կարկուտի վնասներից «խելքի չեկած», նախօրեին էլ ուժեղ կարկուտ տեղաց նաեւ Տավուշի եւ Լոռու մարզերում: Ինչպես վնասներ կրած համայնքների ղեկավարներն են ասում` «պնդուկի չափ ու մոտ 10 րոպե անդադար կարկուտ եկավ, դրան ոչ մի այգի չէր դիմանա»:

Aravot.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ասաց, որ իրենց համայնքում կարկուտը, ճիշտ է, Արմավիրի կարկուտի պես չի վնասել, բայց համայնքի մոտ 50%-ը վնաս է կրել: Ավելի շատ վնասվել են ցորենի ու խաղողի այգիները, իսկ գյուղացիների տնամերձերի բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջովին կարկուտը «տարել է»: Գյուղապետի ներկայացմամբ` «Մոշն ու մոռը, կանաչի,պոմիդոր, վարունգ ու տենց բաներ, որ մարդիկ իրենց համար ցանում էին, հետո ծախում, յոլա գնում, կարկուտը լրիվ վերացրել ա: Չգիտեմ թե ոնց են յոլա գնալու, էս մարդիկ աշխատանք չունեն, էդ բերքն էր կերակրում»:

Մեր հարցին թե որեւէ աջակցության համար կդիմե՞ն համապատասխան գերատեսչություններին, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ա¯, ի՞նչ եմ գիտում, մեր Հայաստանում էնքան պրոբլեմ կա, ես որպես մարդ, ի՞նչ ասեմ, ի՞նչ կարամ ասեմ: Հանրապետությունն էսօր վատ վիճակում է, մեկ գայլը կերավ, մեկ կարկուտը, հասկանո՞ւմ եք ինչ ա: Լրիվ էն տնկածը պուկել ա: Մի քանի տարի առաջ, որ էլի կարկուտ եղավ, ես մի 3 հեկտար ծխախոտ էի դրել, ուրեմն` օգոստոսի 9-ին մի էն ձեւի կարկուտ եկավ ու էն մոմենտն էր, որ պիտի քաղեմ հանձնեմ, կիլոն` 80 դրամով, լրիվ էն ձեւի փշրեց, 90 սանտիմանոց լիստերը լրիվ տափին հավասարացրեց: Ուրեմն դա 20 դրամով էլ չկարացա հանձնեմ: 42 տոննան զիբիլ դառավ, կներեք որ տենց եմ ասում, էլ հիասթափվեցի ու էլի չցանեցի»:

Այս տարի էլ պարոն Մարտիրոսյանը ցորեն էր ցանել ու մեծ ակնկալիք ուներ, սակայն այս անգամ էլ կարկուտը մեծ վնաս հասցրեց:

Aravot.am-ի հետ զրույցում կարկտահարված Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանն էլ նշեց, որ համայնքում 50-80% վնասներ են եղել, ու այս պահին մասնագիտական խումբ է աշխատում` վնասների չափերը պարզելու համար. 2 օրից ստույգ կնշվի վնասի չափը: Այս համայնքում էլ մեծամասամբ խաղողի այգիներն են վնասվել:

Մեր հարցին, թե արդյոք խաղողի բերքը որեւէ գործարանի հանձնո՞ւմ էին գյուղացիները, համայնքապետը պատասխանեց, որ Բերդի,Իջեւանի եւ Նոյեմբերյանի գործարաններին էին հանձնում, սակայն այս անգամ դժվար թե դա հաջողվի. «Գործարաններին գրավոր նամակ ենք պատրաստում, որ ուղարկենք, որպեսզի գյուղացիների գումարները մի քիչ զիջեն: Ամեն գարնան գործարանը թունաքիմիկատ է տալիս, աշնանը բերքը ստանալուց էդ թունաքիմիկատի փողը հանում: Դե հիմա ուզում ենք գործարանից գան տեսնեն ինչ վիճակ է, ու էդ փողերը զիջեն»:

Այս համայնքում էլ ծխախոտի ցանքատարածքներ են վնասվել ու տնամերձերում տնկած բանջարեղենները: Գյուղապետի խոսքերով` բանջարեղենի սածիլները նորից տնկելու հնարավորություն կա, բայց խաղողի վազերն ամբողջությամբ վնասվել են. «Էնպիսի վնասներ է կրել, որ ասենք՝ մյուս տարվա համար դա պիտի էլի մատներ տա, բայց չգիտենք` կտա՞, վազերն ամբողջովին շարքից դուրս են եկել»:

Այս երկու համայնքներում հակակարկտային կայաններ չեն եղել, բայց Այգեհովիտիգյուղապետը վստահեցրեց, որ «Տավուշ» հիմնադրամի միջոցով այս տարի կտեղադրվի հակակարկտային կայան, քանի որ կարկուտն այստեղ, ինչպես գյուղապետն ասաց` անպակաս է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031